Ռուբեն Հայրապետյան. պետք է արդար պայմաններ ստեղծենք ուսանողների համար (ռեկտորատի որոշումները՝ ուսանողներին հուզող հարցերի վերաբերյալ)

Դիտումների քանակ՝ 3357

ՀՊՏՀ ռեկտորատի երեկ կայացած նիստում անդրադարձ կատարվեց ուսանողների կողմից վերջին շրջանում քննարկվող մի քանի հարցի, որոնք վերաբերում էին հին կրթական ծրագրերով 3-րդ և 4-րդ կուրսերից հեռացված կամ իրենց դիմումի համաձայն ազատված նախկին ուսանողներին, համակարգչային քննություններից դրական գնահատականի շեմը չհաղթահարած ավարտական կուրսերի ուսանողներին, «Աշխատանքի տնտեսագիտություն» և «Մարդկային ռեսուրսների կառավարում» դասընթացների թեստային բազաների վերանայմանը:

Մինչ քննարկումը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով, որ նշված խնդիրների շուրջ վերջերս ստացել է մի շարք ուսանողների մտահոգությունները, նիստն էլ հրավիրված է նրանց մտահոգություններին անհաղորդ չմնալու և բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու նպատակով: Լսելով հարցերի շուրջ ռեկտորատի անդամների մոտեցումները՝ համալսարանի ղեկավարը նշեց. «Մեր հիմնական սկզբունքն այն է, որ պետք է կարողանանք արդարության սկզբունքը հնարավորինս պահել: Այսինքն, ես այն կարծիքին եմ, որ բոլոր ուսանողներին՝ թե՛ լավ սովորող, թե՛ միջին առաջադիմություն ունեցող, թե՛ թույլ, պետք է հնարավորություն տրվի սովորելու, և բոլոր ուսանողները պետք է գնահատվեն այնպես, ինչպես սովորում են: Մյուս կողմից՝ հստակ է, որ չսովորող ուսանողը չի կարող շարունակել»:
Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ խնդրո առարկա հարցերի վերաբերյալ ռեկտորատի որոշումը կարճաժամկետ է և հետագայում հիմնավորապես կվերանայվի ամբողջ ուսումնական գործընթացը: «Մեր այսօրվա որոշումները բացառապես վերաբերում են այս դեպքին, և մենք միայն այս անգամ ընդառաջ քայլ ենք անում»,- ասաց համալսարանի ղեկավարը:

Եվ այսպես, ռեկտորատը որոշեց հետևյալը. հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ուղղված մեր դիմումը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2019 թվականի փետրվարի 18-ի N 01/06.2/2181-19 գրությունը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հին կրթական ծրագրերով 3-րդ և 4-րդ կուրսերից հեռացված կամ իրենց դիմումի համաձայն ազատված նախկին ուսանողներին թույլատրել իրենց ուսանողական իրավունքները վերականգնել առավելագույնը 2 կիսամյակ հետ՝ հաշվի չառնելով առարկայական տարբերությունների կրեդիտների քանակը: Որոշումն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Նկատի ունենալով վերջին շրջանում քննական գործընթացին առնչվող խստացումները և այն հանգամանքը, որ 2018-2019 ուսումնական տարում ավարտելու են հին մասնագիտություններով և կրթական ծրագրերով ուսումնառող վերջին շրջանավարտները՝ համակարգչային քննություններից դրական գնահատականի շեմը չհաղթահարած ավարտական կուրսերի ուսանողներին ևս մեկ անգամ թույլատրել վերահանձնել այդ առարկաների քննությունները: Որոշումն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Ռեկտորատը որոշեց աշխատանքի տնտեսագիտության ամբիոնին հանձնարարել վերանայել «Աշխատանքի տնտեսագիտություն» և «Մարդկային ռեսուրսների կառավարում» դասընթացների թեստային բազաները՝ դրանցում բացառելով երկիմաստ, անորոշ և բառախաղ պարունակող ծուղակային հարցերի առկայությունը: Որոշվեց նաև «Աշխատանքի տնտեսագիտություն» և «Մարդկային ռեսուրսների կառավարում» դասընթացներից անբավարար գնահատական ստանալու պատճառով ակադեմիական պարտքերի կրեդիտների գումարը՝ 12 կրեդիտը գերազանցած, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված և նշված դասընթացներից անբավարար գնահատական ստանալու պատճառով հեռացման ենթակա ուսանողներին ևս մեկ անգամ թույլատրել վերահանձնել վերոնշյալ դասընթացների քննությունները՝ մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների վերահանձնումների ժամանակահատվածում: Որոշումն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

«Վերոնշյալ դասընթացների թեստային բազաները կազմված են եղել ակնհայտ բացթողումներով և որևէ կերպ չեն նպաստել ուսանողների մասնագիտական գիտելիքի արդյունավետ ստուգմանը: Առկա բազայի զգալի մասի գոյությունը անթույլատրելի է և անարդարացիորեն շեղում է ուսանողներին»,- հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին