Մերոնք՝ Բեռլինում. մասնակցություն միջազգային դասընթացներին

28.03.2022
Դիտումների քանակ՝ 1697

Սյուզաննան, Ռուզաննան, Դավիթը, Գայանեն ու Լուսինեն օրերս են վերադարձել Բեռլինից։ Ապագա տնտեսագետները Գերմանիայի մայրաքաղաք էին մեկնել ՀՊՏՀ-ի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև համագործակցության շրջանակում։ Մեր համալսարանականները մեկը մյուսին հերթ չտալով՝ խանդավառված պատմեցին Բեռլին կատարած այցից ստացած տպավորությունների մասին։

Ուսանողների փոխանցմամբ՝ միջոցառումների շրջանակը բավականին ընդգրկուն էր։ Միջազգային դասընթացներին՝ «Սոցիալական ներառականություն և միգրանտների ներգրավվածությունը հասարակությունում» (մարտի 9-16-ը), «Երիտասարդների դերը կլիմայի փոփոխության հարցում» (մարտի 9-16-ը) և «Հրապարակիր իրականությունը» (մարտի 13-21-ը) թեմաներով, երիտասարդները հնարավորություն են ունեցել ոչ միայն հարստացնելու գիտելիքները, փոխանակելու փորձ ու հմտություն, այլև ծանոթություններ հաստատելու, շրջագայելու Բեռլինում, հաղորդակցվելու գերմանական մշակույթին։

Սյուզաննան և Ռուզաննան ՀՊՏՀ մագիստրանտներ են։ Սյուզաննա Սանամյանը սովորում է «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում», իսկ Ռուզաննա Փանոսյանը՝ «Մարքեթինգային հաղորդակցություններ» մասնագիտությամբ: Նրանք մայր բուհ են վերադարձել ավելի մեծ մոտիվացիայով՝ համալսարանականներին փոխանցելու ստացած գիտելիքն ու փորձը։

Ոչ պակաս խանդավառված են բակալավրիատի ուսանողներ Դավիթ Տոնոյանը (ֆինանսական ֆակուլտետ), Գայանե Գասպարյանը (կառավարման ֆակուլտետ) և Լուսինե Գալստյանը (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ)։ Դասընթացներին, որոնց մասնակցել են աշխարհի տարբեր երկրների (Բելգիա, Իտալիա, Ռումինիա, Մակեդոնիա, Կիպրոս և այլն) ուսանողներ, արհեստավարժ դասընթացավարների օգնությամբ մեր համալսարանականները խոր և հիմնավոր գիտելիք են ձեռք բերել։ Իսկ ուսուցողական այցը Բեռլին Գլոբալ ցուցահանդես, ծանոթությունը Գերմանիայի մշակութային արժեքներին աննկարագրելի տպավորություն են թողել հայ ուսանողների վրա։ Դասընթացների ընդմիջումներին մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների մշակույթը, երգն ու պարը, ազգային ուտեստների համտես կազմակերպել։

«Առօրյան հագեցած էր, ամեն ինչ՝ հրաշալի կազմակերպված։ Մենք ոչ միայն գիտելիք ստացանք, այլ նաև կրթվեցինք մշակութապես, ձեռք բերեցինք նոր ընկերներ։ Գերմանիայից ստացած տպավորությունները երբեք չենք մոռանա»,- խոստովանեցին մերոնք։

Նշենք, որ բեռլինյան դասընթացների մասնակցության բացառիկ հնարավորությանն ուսանողներն արժանացել են՝ շնորհիվ մոտիվացիոն նամակի եւ հարցազրույցի արդյունքների։