Արտագնա դասախոսություն և միջհամալսարանական գիտական սեմինար «Էրազմուս+» ծրագրի շրջանակում
Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում 2021 թ. դեկտեմբերի 12-18-ը Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարան (Լեհաստան) է այցելել ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դասախոս, տ․գ․թ. Հայկ Բեջանյանը:
ՀՊՏՀ դասախոսի այցն ընթացել է հագեցած և արդյունավետ օրակարգով. հանդես է եկել դասախոսություններով, հանդիպումներ ունեցել համալսարանի ակադեմիական անձնակազմի հետ և քննարկել համագործակցության հնարավորություններ։
«Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի միջազգային ուսանողների համար դասախոսեցի հիմնականում պետական ֆինանսների կառավարման ոլորտի վերաբերյալ, մասնավորապես՝ հարկաբյուջետային քաղաքականության, պետական պարտքի կառավարման և պետական բյուջեի կատարողականի գնահատման թեմաներով։ Փորձեցի դասախոսությանը համակցել նաև պրակտիկ որոշ գործիքներ և վարժություններ, որոնք հետաքրքրեցին ինչպես ուսանողերին, այնպես էլ լեհ գործընկերներին»,- պատմում է Հայկ Բեջանյանը։
Նա նաև հանդիպումներ է ունեցել համալսարանի ակադեմիական կազմի ներկայացուցիչների հետ, ծանոթացել բուհի հետազոտական կարողություններին և քննարկել գիտական համագործակցության հնարավորություններ։
Հայկ Բեջանյանը նաև հավելում է․ «Համագործակցությունն առավել սերտ էր հանրային ֆինանսների դեպարտամենտի ակադեմիական կազմի հետ, ինչը տրամաբանական է, քանի որ ունենք բավականաչափ ընդհանուր գիտական հետաքրքրություններ, որոնք էլ հիմք հանդիսացան մի շարք պայմանավորվածությունների համար։ Արդյունքում որոշեցինք համատեղ միջհամալսարանական գիտական սեմինար կազմակերպել և ներկայացնել մեր հետազոտությունները, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերեցինք Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի գիտական ամսագրում ՀՊՏՀ աշխատակիցների կողմից գիտական հոդվածների անվճար տպագրության մասին»:
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2022 թ. փետրվարի 5-ին ՀՊՏՀ-ի և Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի միջև կայացավ գիտական սեմինար, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, երկու բուհերի ակադեմիական կազմի ներկայացուցիչները:
Բացման ելույթներից հետո մասնակիցները լսեցին հետազոտողներին. տ․գ․թ․ Հայկ Բեջանյանը, տ․գ․թ․, դոցենտ Եվգենյա Բազինյանը և ՀՊՏՀ ասպիրանտ Նարեկ Կարապետյանը ներկայացրին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտություների շրջանակում իրականացված «Վաղ ազդանշման համակարգերի ներդրման հնարավորությունները ՀՀ-ում», իսկ Պոզնանի համալսարանի ասպիրանտ Աննա Սիվիեկը՝ «Բիզնեսի շահույթի արդյունավետ հարկման նոր շրջանակը ԵՄ-ում» թեմայով հետազոտությունների արդյունքները։ Ծավալվեց մասնագիտական քննարկում:
ՀԳ․ Նշենք, որ ՀՊՏՀ-ի և ՊՏԲՀ-ի միջև համագործակցությունը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում բավականին ակտիվ է ընթանում։ Այս կիսամյակում ՀՊՏՀ 2 ուսանող փոխանակային ծրագրով սովորում է ՊՏԲՀ-ում։ Միևնույն ժամանակ, ՀՊՏՀ դասախոսներից փոխանակային ծրագրով արդեն դասավանդել են վերոնշյալ համալսարանում, իսկ մոտ ապագայում կլինեն նոր գործուղումներ։
Համագործակցության հեռանկարում նախատեսվում են համատեղ հետազոտություններ, ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների փոխանակումներ, միջազգային դրամաշնորհային ծրագրերին համատեղ մասնակցություն, միջոցառումների, գիտաժողովների և սեմինարների կազմակերպում։