Կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի 2022 թ. առաջին նիստը. ընտրվեցին դեկաններ և ամբիոնի վարիչներ

09.02.2022
Դիտումների քանակ՝ 1209

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդը փետրվարի 8-ին հրավիրեց այս տարվա առաջին նիստը՝ ՀՊՏՀ գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր Դիանա Գալոյանի նախագահությամբ։

Հագեցած օրակարգով նիստի մեկնարկին հաստատվեց ՀՊՏՀ գիտական խորհրդի 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը, այնուհետև անցկացվեցին ՀՊՏՀ ամբիոնի վարիչի և դեկանի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթները: Օրակարգային այս հարցը զեկուցեց մրցութային հանձնաժողովի նախագահ, փ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ Արամ Սարգսյանը։ Պաշտոնների հավակնորդները՝ ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի մրցույթի համար՝ տ.գ.դ., պրոֆեսոր, նույն ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մելքումյանը, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչի մրցույթի համար՝ տ.գ.թ., դոցենտ, ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչի մրցույթի համար՝ տ.գ.թ., դոցենտ, նույն ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը, ինչպես նաև տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների և ֆինանսական ֆակուլտետների դեկանների մրցույթի համար՝ տ.գ.թ., դոցենտներ և գործող դեկաններ Գրիգոր Նազարյանը և Վահե Միքայելյանը հանդես եկան զարգացման ծրագրերով, ներկայացրին ամբիոնների և ֆակուլտետների առաջիկա տարիների ռազմավարությունները, իրենց պատկերացումները՝ ֆակուլտետներն ու ամբիոնները զարգացման առավել բարձր մակարդակի հասցնելու վերաբերյալ։

Ծրագրերի շնորհանդեսներից հետո ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը հանդես եկավ ելույթով և նշեց, որ մրցույթներին դիմել են արժանի թեկնածուներ, որոնք ամենօրյա աշխատանքով ապացուցել են իրենց նվիրվածությունը համալսարանին։ ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանն առաջարկեց ընտրությունների համատեքստում արձանագրել, որ ընտրվում են արժանավորները, նրանք ունեն հավակնոտ ծրագրեր, ապա հավելեց, որ թեկնածուներն ընտրության արդյունքները պետք է ընդունեն որպես մարտահրավեր, քանի որ գիտական խորհուրդն ակնկալելու է նրանց արդյունավետ աշխատանքը առաջիկա 5 տարիներին։ «Ներկայացված հավակնորդները Տնտեսագիտական համալսարանի նվիրյալներն են, նրանք սրտացավությամբ և պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց աշխատանքին, որին մենք ականատես ենք ամեն օր»,- ելույթներն ամփոփեց ռեկտոր Դիանա Գալոյանը՝ անհատապես ներկայացնելով յուրաքանչյուր թեկնածուին և նրա արժանիքները։ Փակ գաղտնի քվեարկությամբ մրցույթին դիմած հավակնորդներն ընտրվեցին համապատասխան պաշտոններում։ Միևնույն ժամանակ, ՀՊՏՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի նախկին վարիչ Աշոտ Թավադյանին՝ արգասաբեր գործունեության և երիտասարդ կադրերին սահուն ճանապարհ հարթելու համար։

Գիտխորհուրդը նաև փակ գաղտնի քվեարկությամբ դոցենտի գիտական կոչում շնորհեց կառավարման ամբիոնի ավագ դասախոսներ, տնտեսագիտության թեկնածուներ Հասմիկ Հարությունյանին, Մարիանա Քոչարյանին և տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ավագ դասախոս, տ.գ.թ.Անահիտ Մկրտչյանին։

Այնուհետև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը զեկուցեց մի շարք հարցեր՝ ՀՊՏՀ 2023-2027 թթ. զարգացման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը մշակելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու, «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ներառական կրթության զարգացման հայեցակարգը, ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ծրագիրը հաստատելու, «ՀՊՏՀ» ՊՈԱԿ պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և ատեստավորման կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին հարցերը, որոնք հաստատվեցին։

Համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 2021 թվականի գործունեության հաշվետվության մասին զեկուցեց կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը՝ ներկայացնելով կենտրոնի գործունեության համառոտ պատկերը՝ թվեր և փաստեր։ Նրա խոսքով՝ «Ամբերդ»-ը 2021 թ. իրականացրել է 9 հետազոտական ծրագիր, թողարկել է «Ամբերդ» տեղեկագրի 6 համար, որոնցից 2-ն օտարալեզու, գիտահետազոտական փորձառության հնարավորություն է ընձեռել 60 ասպիրանտի և ուսանողի, ավարտել է եռալեզու տվյալների շտեմարանի ստեղծման աշխատանքները, փորձագիտական կարծիք է տվել 23 իրավական ակտերի, որոնցից 15-ը՝ օրենքի նախագծեր, հրատարակել է 14 մենագրություն, 1 միջազգային զեկույց, 1 գիրք, 23 գիտական հոդված, փորձագետները ԶԼՄ-ներին տվել են 20-ից ավելի հարցազրույցներ, «Նոյյան Տապան» լրատվական գործակալության հետ իրականացվել է «Ամբերդ քրոնիկոն» հաղորդումների շարքը։ Գիտական հրապարակումներով և ակտիվ աշխատանքով հանդես են եկել կենտրոնի կազմում գործող լաբորատորիաները, կենտրոնն ընդգրկվել է 6 դրամաշնորհային ծրագրում, աշխատակիցներից 2-ը մասնակցել են «Էրազմուս+» ծրագրին։ 2022 թ. ծրագրերը ևս հավակնոտ են. կենտրոնի ղեկավարը նշեց, որ ոչ միայն կպահպանվեն ձեռքբերումները, այլև կիրականացվեն նոր ծրագրեր։ Արդեն իսկ որոշել են՝ այս տարվա հետազոտությունների առանցքում կդրվի 2 նոր հիմնախնդիր՝ կանաչ տնտեսության և թվային տնտեսության ուսումնասիրություն։ Երկու զեկուցումներն էլ գիտական խորհուրդը հաստատեց։

Գիտական խորհուրդը հաստատեց նաև Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից 2 ուսանողների ուսանողական իրավունքները 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում վերականգնելու և 2-րդ կիսամյակ փոխադրվելու համար առաջացած առարկայական քննությունները հանձնելու հարցը։

Ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցերը զեկուցեց ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը։ Գիտական խորհուրդը նաև հրատարակության երաշխավորեց տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ավագ դասախոս, տ.գ.թ. Արգամ Արտաշյանի և նույն ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Լիլիթ Գալստյանի «Վեբ էջերի կառուցվածքն ու դիզայնը (HTML+CSS)», նույն ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Կամո Խաչատրյանի և դասախոս, տ.գ.թ. Անուշ Թումանյանի «Տվյալների շտեմարանների կառավարման համակարգեր (ՏՇԿՀ)» ուսումնամեթոդական ձեռնարկները և միկրոէկոնոմիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակած (տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանի ընդհանուր ղեկավարությամբ և խմբագրությամբ) «Սերվիս» ուսումնական ձեռնարկը։