ՀՊՏՀ դասախոսները մասնակցել են Փարիզի խաղաղության համաժողովին

14.11.2022
Դիտումների քանակ՝ 393

ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Աննա Կարապետյանը և նույն ամբիոնի ասիստենտ Նորա Այվազյանը 2022 թ․ նոյեմբերի 11-12-ը մասնակցել են Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին, որը համախմբել էր Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների, առաջատար համալսարանների, ՀԿ-ների և գիտակրթական կենտրոնների ներկայացուցիչների։

Համաժողովի ընթացքում արծարծվել են շրջակա միջավայրի պահպանությանը, կայուն զարգացման նպատակներին, կլիմայի գլոբալ փոփոխությանը և ռեսուրսների արդյունավետ բաշխմանն առնչվող հարցեր՝ դիտարկելով դրանք քաղաքական, բնապահպանական, սոցիալական տեսանկյուններից։

Մեր պատվիրակները գործուն մասնակցություն են ունեցել բնապահպանական հիմնախնդիրների քննարկումներին, առաջարկել են լուծման ուղիներ, որոնց օգնությամբ վնասակար գործոնների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա հնարավոր կլինի նվազեցնել և դարձնել կառավարելի։

ՀՊՏՀ պատվիրակները համաժողովից վերադարձել են վառ տպավորություններով՝ պատրաստ ստացած գիտելիքն ու փորձառությունը կիրառելու մասնագիտական աշխատանքում, բարելավելու կրթական ծրագրերը՝ համապատասխանեցնելով դրանք ժամանակակից միտումներին, ընդլայնելու համագործակցության հորիզոնները։