Տնտեսագիտական համալսարան‒Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ․ համագործակցության նոր ձևաչափ

14.11.2022
Դիտումների քանակ՝ 1374

Նոյեմբերի 14-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը և «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ նախագահ Թաթուլ Մովսիսյանը հանդիսավոր միջոցառմամբ համագործակցության հուշագիր  ստորագրեցին։ Փաստաթուղթը նախատեսում է երկու կառույցների փոխգործակցության լայն շրջանակ, մասնագիտական զարգացմանն ու որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումներ, փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ:

Ողջունելով նոր ձևաչափով համագործակցության մեկնարկը՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը համոզմունք հայտնեց, որ հուշագրի ստորագրմամբ շուտով ի հայտ կգան գործնական առաջին արդյունքները։ «Առաջիկայում պլանավորում ենք «Հաշվապահական հաշվառում» և «Աուդիտ» կրթական ծրագրերի վերանայման և արդիականացման գործընթաց։ Վստահ եմ, որ այս համատեքստում մեր համագործակցությունը կտա իր պտուղները, և մոտ ապագայում կունենանք ուսանողին ոչ միայն ավելի որակյալ կրթություն տրամադրելու, այլ նաև աշխատանքի տեղավորելու հնարավորություն»,- ասաց Դիանա Գալոյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀԿ-ին փոխգործակցության պատրաստակամության, ինչպես նաև ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Մնացականյանին՝ նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար։

Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանի խոսքով՝ նախանշված հուշագրի ստորագրմամբ իրենց կառույցը հայացքն ուղղում է դեպի բուհական համակարգ, դեպի ուսանող՝ որպես մասնագիտության գլխավոր շահառուի․ «Այսօր մենք սկիզբ ենք դնում կարևոր մի նախաձեռնության, քանի որ բուհական համակարգը դիտարկում ենք որպես մեր մասնագիտության ուսուցման, զարգացման, մասսայականության ապահովման կարևոր դարբնոց։ Մասնագիտական ներուժով և փորձով պատրաստակամ ենք աջակցելու բուհական համակարգին, մասնավորապես՝ Տնտեսագիտական համալսարանին՝ որպես մեր մասնագիտության բազային բուհական կրթօջախի։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհասնենք նախանշված արդյունքներին»։

Հուշագրով Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը ՀՊՏՀ-ին կաջակցի արդիական մասնագիտական դասագրքերի տրամադրման, բուհական կրթական ծրագրերի մշակման և զարգացման, ատեստավորման հանձնաժողովներում մասնակցության ապահովման հարցերում։ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, սույն հուշագրով, կմասնակցեն դասընթացների, սեմինարների ու քննարկումների, ուսանողներին կցուցաբերվի բիզնես համայնքի հետ կապերի հաստատման, փորձառության աջակցություն, իսկ լավագույններին կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Թաթուլ Մովսիսյանի փոխանցմամբ՝ հետագայում կդիտարկվի նաև ՀՊՏՀ լավագույն շրջանավարտներին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի սկզբնական առարկաներից ազատումների շնորհում։

Նոր համագործակցությունը ողջունեցին նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, ՀՀ ֆինանսների նախարարության հանրային վերհսկողության խորհրդի անդամները, ՀՊՏՀ դասախոսները, ինչպես նաև աուդիտորներ, փորձագետ հաշվապահներ։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արման Վաթյանի խոսքով՝ հաշվապահ-աուդիտորի մասնագիտությունն ընտրած ուսանողները կարող են վստահ լինել, որ իրենց ստացած կրթությունը միջազգային մակարդակի է, քանի որ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի մոդելը լավագույններից է աշխարհում։

Կատարյալ իրավական համակարգի և բարձրորակ մասնագիտական կրթության համադրումը կապահովի ցանկալի արդյունք․ այս համոզմանն է կազմակերպության հիմնադիր-նախագահ Հովհաննես Պետրոսյանը։ Պալատի առաքելությունը, ըստ նրա, ի սկզբանե «Հաշվապահություն» մասնագիտության նկատմամբ վստահության ձևավորումն է եղել։

Ողջունելով համագործակցության կայացումը՝ ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Մնացականյանը նշեց, որ լավ սկիզբը գործի կեսն է․ «Համոզված եմ, որ բոլորիս ջանքերով մյուս կեսն առավել արդյունավետ է լինելու, և հաջողելու ենք»։

Պալատի ներկայացուցիչները հանդիպման ավարտին ՀՊՏՀ գրադարանին նվիրաբերեցին Թաթուլ Մովսիսյանի հեղինակած «Հաշվապահական հաշվառում» գրքի օրինակներ։