Պարույր Ջանգուլյանը նշանակվել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի մարտի 14-ի հրամանով Պարույր Ջանգուլյանը նշանակվել ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն:
Ստորև համառոտ ներկայացնենք ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի նորանշանակ տնօրենին:
Պարույր Ջանգուլյանը ծրագրերի կառավարման մասնագետ է և ունի Հայաստանում ԵՄ պատվիրակության, Համաշխարհային բանկի ծրագրերում, ինչպես նաև պետական համակարգում և գործարար համայնքի հետ աշխատանքի ավելի քան ութ տարվա մասնագիտական փորձ։
Եղել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրողների աջակցության բաժնի ղեկավար, որտեղ իրականացրել է Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների ներդրումային նախագծերի իրականացման աջակցություն:
Ունի տնտեսական քաղաքականության և իրավական ակտերի նախագծերի «ծախսեր-օգուտներ» վերլուծության ոլորտներում ԱՄՆ պետական կառավարման մարմինների հետ աշխատանքի փորձ՝ որպես ԱՄՆ Պետքարտուղարության կողմից իրականացվող PFP մասնագիտական վերապատրաստման ծրագրի մասնակից:
ՀՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի կողմից ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
2006թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը:
2014թ. եղել է DAAD կրթաթոշակառու՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներին առնչվող հետազոտական աշխատանքներ իրականացնելով Բրեմենի համալսարանի գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետում։
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ռիսկերի գնահատման, իրավական կարգավորումների և արդյունավետ ներդրումային քաղաքականությանն առնչվող վեց գիտական հոդվածների հեղինակ է։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին կայացած ՀՊՏՀ խորհրդի նիստում հաստատվեց համալսարանի նոր կառուցվածքը, որով ստեղծվեց ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտ: Այն համակարգելու է 3՝ միջազգային կապերի, աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի, ինչպես նաև շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինների աշխատանքը:
Շնորհավորում ենք Պարույր Ջանգուլյանին և մաղթում բեղմնավոր աշխատանք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին