Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 23-ին, այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ: Վարչապետը նախ շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել կրթական գործընթացին և նորարարական ծրագրերին, այնուհետև տրվել է նոր նախաձեռնության մեկնարկ, որի շրջանակում բացվել է պանելային քննարկումների հարթակը: Վերջինիս առաջին հյուրը և բանախոսը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը, պաշտոնյաներ, հյուրեր, ուսանողներ։
Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրությունից, այցի ընթացքում գործարկվել է Digital info system-ը, որը տեղեկատվական ցանց է՝ միտված համալսարանի տարածքում ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելուն: Այն ուսանողական և դասախոսական հանրույթին կտրամադրի արագ մուտք ակադեմիական ռեսուրսների, հայտարարությունների, ընթացիկ և պլանավորված միջոցառումների մասին ներկայացնող առանձին մոդուլներ՝ խթանելով համալսարանական կյանքի մասին տեղեկատվության հասանելիությանը։ Digital info system համակարգում տեղեկատվությունը ներկայացվելու է երեք դասակարգումներով՝ ըստ գույների. կարմիրը՝ հրատապ, կանաչը՝ տեղեկատվական, իսկ դեղինը՝ նախատեսվող միջոցառումների մասին ներկայացվող տեղեկություններն են։
Բացվել է նաև «Հանրային խոսքի լսարան»-ը: Այս հարթակը նախատեսված է հանրային ելույթների կազմակերպման համար: Այն կնպաստի ուսանողական հանրույթի հաղորդակցման հմտությունների և քննադատական մտածողության զարգացմանը:
Ուսանողների և դասախոսների արտալսարանային աշխատանքների կազմակերպման համար համալսարանում ստեղծվել են տեխնիկապես հագեցված խորհրդակցական ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումների սենյակներ, որտեղ նրանք հնարավորություն կունենան խմբային կամ անհատական հանդիպում-քննարկումներ ունենալ։
Համալսարանում ստեղծվել է նաև «AI/VR բիզնես աջակցության կենտրոնը» և «DTL թվային վերափոխման լաբորատորիան»: Առաջինը ծառայելու է բիզնես ոլորտի համար արհեստական բանականության տրամադրած հնարավորություններն իրենց գործունեության ոլորտում օգտագործելու համար հարթակ ստեղծելուն: Իսկ երկրորդը՝ ուսուցման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով արդի տեխնոլոգիաների և արհեստական բանականության հնարավորությունների ներդնելուն (օրինակ՝ AI assistant-ի կիրառմամբ):
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է «Հայկական գործոն. Փնտրվում է յան» ծրագրի շրջանակներում մասնաճյուղի հետ համագործակցող AIU համալսարանի ներկայացուցիչների և արտասահմանյան առաջավոր այլ համալսարանների ու հետազոտական կենտրոնների գիտաշխատողների հետ ուղիղ տեսակապ, որի ընթացքում նաև տրվելու է ծրագրի ամբողջական գործարկման մեկնարկը:
Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը հանդես եկել «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով դասախոսությամբ և պատասխանել ներկաների հարցերին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: