Հասելթի համալսարանի պրոֆեսորը ՀՊՏՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ

Դիտումների քանակ՝ 1269

Մայիսի 14-ին և 15-ին «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ում հյուրընկալվել է Հասելթի համալսարանի (Բելգիա) պրոֆեսոր Կոեն Վանհուֆը: Պրոֆեսորը դասախոսել է Կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի, ինչպես նաև ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողների համար:

Ինչպես հայտնում են արտաքին կապերի բաժնից, «Տվյալների մշակման ժամանակակից մոտեցումներ» թեմայով դասախոսության շրջանակներում Կոեն Վանհուֆը ներկայացրել է տվյալների հավաքագրման և մշակման անհրաժեշտությունը բիզնեսում որոշումների կայացման գործում՝ անդրադառնալով որոշումների կայացման ինչպես ավանդական, այնպես էլ ավտոմատացված մեթոդներին: Պրոֆեսորը սխեմաների օգնությամբ ներկայացրել է, թե բիզնես գործընթացում որքան շատ են որոշումների կայացման օղակները և տվյալների ճիշտ կառավարումն ինչպես կարող բարձրացնել կազմակերպության ընդհանուր գործունեության արդյունավետությունը: Բերվել են նաև պրակտիկ օրինակներ, թե ինչպես է տվյալների օգտագործման և վերլուծության շնորհիվ հնարավոր եղել օպտիմալացնել բելգիական մի շարք ընկերությունների աշխատանքը:

Դասախոսությունների ընթացքում ուսանողներն ակտիվորեն մասնակցել են քննարկումներին՝ պատասխանելով պրոֆեսորի կողմից պատրաստված հարցերին:

Դասախոսություններից զատ պրոֆեսորն այցելել է նաև ՀՊՏՀ գրադարան, համակարգչային սրահներ և մարզադահլիճ՝ ծանոթանալով համալսարանի ենթակառուցվածքներին:

Նշենք, որ ներկայումս Հասելթի համալսարանում սովորում են ՀՊՏՀ 7 ուսանողներ, ովքեր ցուցաբերում են գերազանց առաջադիմություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին