Հայտնի են դարձել նաև ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ՈՒԳԸ հաղթողները

Դիտումների քանակ՝ 3156

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում անցած երկու օրերին կայացել է Ուսանողական գիտական նստաշրջանը (ՈՒԳԸ), որի արդյունքներն արդեն հայտնի են: Մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., ՈՒԳԸ ֆակուլտետային պատասխանատու Գայանե Ավագյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին նստաշրջանի մասին հայտնեց մանրամասներ:
Եվ այսպես, զեկուցումներ են ներկայացրել ավելի քան 3 տասնյակ ուսանողներ, հանձնաժողովը՝ ունկնդրել է 25-ը: Մասնակիցները եղել են թե՛ բակալավրիատից, թե՛ մագիստրատուրայից: «Ուսանողները շատ խանդավառված էին, դեռևս նախնական՝ կազմակերպման փուլում, երբ հայտնեցինք, որ կա այպիսի նախաձեռնություն, շատ մեծ ուրախությամբ արձագանքեցին: Ներկայացված բոլոր թեմաները արդիական էին, ուսանողները լավ էին պատրաստված, աշխատանքային երկու օրերի ընթացքում գործընթացն ուղեկցվել է ակտիվ հարց ու պատասխանով, բանավեճերով»,- ասաց Գայանե Ավագյանը՝ նկատելով, որ մասնակիցների շարքում շատ էին «Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում» մասնագիտության ուսանողները:
Որ ուսանողները եղել են լավ պատրաստված, փաստ է, որն արտացոլվել է հանձնաժողովի գնահատման վրա: Արդյունքում՝ 1-ին տեղը կիսել են «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Լիանա Իսայանը՝ «Ինստիտուտները որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմնարար պատճառ» և նույն մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Դավիթ Պետրոսյանը՝ «Հագուստի համաշխարհային արժեքային շղթայի բնութագիրը» թեմաներով: 2-րդ տեղում է «Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում» մասնագիտության բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Արմինե Սահակյանը՝ «Իրական արդյունավետ փոխարժեքի և ՀՀ արտահանման և ներմուծման կապը», 3-րդում՝ «Բնօգտագործման տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Նարինե Մինասյանը՝ «Էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրությունը ՀՀ-ում» թեմաներով: Մրցատյանի հատուկ մրցանակը կիսել են «Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող Անդրանիկ Մարգարյանը՝ «Թորսթեյն Վեբլենի բիզնեսի և ինդուստրիայի հարաբերակցության համադրույթը և արդիականությունը» և նույն կուրսի ուսանող Աննա Մատինյանը՝ «Ինովացիաների խթանման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմաներով:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին