«Էրազմուս+» ծրագիրը ներկայացվեց ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողներին

Դիտումների քանակ՝ 1194

Այսօր տեղի է ունեցել ևս մեկ տեղեկատվական հանդիպում՝ նվիրված «Էրազմուս+» ծրագրին և այս անգամ հանդիպման վայրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետն էր:
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, հանդիպման ընթացքում ֆակուլտետի ուսանողներին ներկայացվել են «Էրազմուս+» ծրագրի էությունը, ֆինանսավորման պայմանները, ժամկետները և այլ մանրամասներ:
«Էրազմուս +» ծրագրին կարող են մասնակցել ՀՊՏՀ-ի ուսանողները, դասախոսները, ինչպես նաև վարչական աշխատակիցները:
Նախկին էրազմուսականները ևս մասնակցել են հանդիպմանը: Նրանք ուսանողների հետ կիսվել են իրենց փորձով՝ ներկայացնելով իրենց հյուրընկալած համալսարանները: Ներկաների համար հետաքրքրական է եղել ծանոթանալ եվրոպական առաջատար համալսարաններում կազմակերպվող ուսումնառության մեթոդներին, արտերկրում ապրելու պայմաններին, ինչպես նաև լսել իրենց ընկերների պատմությունները՝ եվրոպական և այլ երկրների մշակույթների, արտերկրում անցկացրած օրերի, ձեռք բերած ընկերների և այլ հիշողությունների մասին:
Հանդիպման մասնակիցներն իրենց ցանկությունը և պատրաստակամությունն են հայտնել մասնակցելու «Էրազմուս+» ծրագրին՝ սեփական ջանքերով կերտելու համար իրենց ապագան:
Ծրագրով հետաքրքրված ուսանողներին հիշեցնում ենք, որ առաջիկայում արտաքին կապերի բաժինը կազմակերպելու է այս ուստարվա անգլերենի վերջին քննությունները:
Հիշեցնենք, որ ծրագրի մասին համապարփակ տեղեկատվություն առկա է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին