«Ծրագրավորում տնտեսագետների համար». դասընթաց՝ ՀՊՏՀ ուսանողի նախաձեռնությամբ
ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը, աջակցելով ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Անդրանիկ Սարգսյանի նախաձեռնությանը, կազմակերպում է «Ծրագրավորում տնտեսագետների համար» 12 մասից բաղկացած դասընթացը: Մեկնարկային հանդիպումն այսօր էր, որի ընթացքում նշված բաժնի պետ Աիդա Առուստամյանն ասաց, որ այսպիսով ստեղծվում է մի նոր հարթակ, որը և´ օժանդակում է ՀՊՏՀ ուսանողների գաղափարների իրագործմանը, և´ նպաստում արտալսարանային սեմինարների միջոցով համալսարանականների գիտելիքների համալրմանը:
Սեմինարը վարեց Անդրանիկ Սարգսյանը, ով 1 տարուց ավելի է՝ աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Նա առանձնացրել է ծրագրավորման այն կարևոր դրույթները, որոնք կարող են կիրառվել տնտեսագիտության մեջ և պատրաստվում է դրանք ներկայացնել դասընթացներում:
Մեզ հետ զրույցում տնտեսագետ-ծրագրավորողն ասաց, որ համալսարանական ընկերների համար պարզաբանելու է հատկապես մեքենայական ուսուցման առանձնահատկությունները: Անդրանիկը կարծում է, որ դրանց ծանոթ ուսանողները ավելի մրցունակ կլինեն աշխատաշուկայում: Այն համակարգչային գիտությունների և արհեստական ինտելեկտի ենթաբաժին է, որն ուսումնասիրում է ինքնուրույն ուսուցանվող համակարգերի մոդելները ու դրանց կառուցման և ուսուցման համար նախատեսված ալգորիթմները։
«Կարելի է այնպիսի ծրագրեր գրել, որոնց օգնությամբ մեծ տվյալների մեջ կգտնենք օրինաչափություններ և տնտեսագիտական կանխատեսումներ կանենք: Օրինակ, մեքենայական ուսուցման մեթոդներով կարելի է որոշել վարկառուի վարկունակությունը կամ վարկը չվերադարձնելու հավանականությունը: Թե՞ ինչպես անել՝ փորձելու ենք հասկանալ այս հանդիպումների ընթացքում»,-ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մանրամասնեց նախաձեռնության հեղինակը:
Առաջին դասը ճանաչողական էր: Խոսվեց ծրագրավորման էության, տեսակների, հնարավորությունների մասին: Ոլորտին վերաբերող խոստումնալից դասընթացներն առջևում են, մասնակցել կարող են բոլոր ուսանողները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին