Հերթական ուսումնավարժանքը՝ ՀՊՏՀ-ում. գազի արտահոսքի պատճառով ուսանողները տարհանվեցին

Դիտումների քանակ՝ 1024

Տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների (ԱԻ) և քաղպաշտպանության (ՔՊ) ամբիոնը ամեն տարի կազմակերպում է ուսումնավարժանք՝ աշխատակիցներին ու ուսանողներին նախապատրաստելով արտակարգ իրավիճակների դեպքում ճիշտ և արագ կողմնորոշվելուն: Այսօր էլ, հերթական վարժանքի ընթացքում, իրականացվեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների տարհանումը: Ըստ «Քիմիական տագնապ» վարժանքի սցենարի, համալսարանի 4-րդ մասնաշենքին հարակից գազատարի վթարման հետևանքով գազը լցվել էր մասնաշենք, ուստի կազմակերպվեց ուսանողության արագ տեղաշարժը դեպի մոտակա ապաստարան: Կար 2 «տուժած», որոնք մասնաշենքից դուրս բերվեցին ավելի ուշ և ստացան անհրաժեշտ բուժօգնությունը:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց վերը նշված ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու, ՀՊՏՀ քաղաքացիական պաշտպանության գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանը, այս ուսումնավարժանքն ամեն տարի համալսարանում կազմակերպվել է քաղաքապետարանի և ԱԻՆ «Կենտրոն» բաժնի հետ համատեղ, սակայն այս տարի նախաձեռնությունն իրենց ամբիոնինն էր: Վարժանքն իրականացվեց «Քաղաքացիական պաշտպանություն» առարկայի դասաժամին՝ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ներկայացուցիչների և բուհի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությամբ, ներկա էր «Կենտրոն» բաժնի ներկայացուցիչ Գայանե Հայրապետյանը:
Դասի երկրորդ հատվածում Սիրանուշ Հարությունյանը լսարանում վերլուծեց ուսումնավարժանքը, նշեց թերացումները և խորհուրդներ տվեց:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին