ՀՊՏՀ ուսանողները՝ ՀՀ ֆինանսների նախարարության կազմակերպած մրցույթի հաղթողներ
ՀՊՏՀ ուսանողներ Սուսաննա Հովհաննիսյանը, Արփինե Բաբախանյանը, Մարիամ Ալմասյանը («Հաշվապահական հաշվառում և հարկում», 3-րդ կուրս), Ռուզաննա Սարգսյանը («Կառավարում», 2-րդ կուրս), ինչպես նաև Էլեն Ղուբաթյանը (ԵՊՀ, «Քաղաքագիտություն», 4-րդ կուրս), մեկ միասնական թիմով մասնակցելով ՀՀ ֆինանսների նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կողմից կազմակերպված մրցույթին, դարձել են հաղթողներ։ Մեր ուսանողներն արժանացել են հավաստագրերի, հաղթողի խորհրդանշական նվերի և, ինչպես նախատեսված է, առաջիկայում հնարավորություն կստանան հանդիպելու ՀՀ ֆինանսների նախարարի հետ, մասնակցելու կառույցում քննարկումների և որոշումների ընդունման գործընթացին։ Մրցույթի ամփոփումը և մասնակիցներին հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին։
Մրցույթի շրջանակներում Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ (ԵՊՀ, ՀՊՏՀ, ՀՊՄՀ, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայ-ռուսական համալսարան և այլն) երկու ամիս շարունակ մասնակցել են նախարարության մասնագետների դասընթացներին և ներգրավվել թիմային աշխատանքներում: Դասընթացներն իրականացվել են մարդկային ռեսուրսների կառավարման, հաղորդակցման հմտությունների, հարկաբյուջետային քաղաքականության, խնդրի լուծման ռազմավարության, հետազոտությունների իրականացման մեթոդաբանության և այլ թեմաներով: Ի դեպ, մեր համալսարանը, հաղթող քառյակից բացի, ներկայացրել են տարբեր ֆակուլտետների մեծաթիվ ուսանողներ, որոնք ինչպես և հաղթողները, մրցույթի մասին տեղեկացել են ՀՊՏՀ պաշտոնական կայքից։
Այսպիսով, ձևավորվել են 25 խմբեր, որոնց առաջադրվել են հիմնահարցեր՝ ինչպե՞ս բարձրացնել պետական համակարգի ցածր գրավչությունը՝ որպես մասնագիտական իրացման և կարիերայի առաջընթացի համար նախընտրելի գործունեության ասպարեզ, ինչպե՞ս ներգրավել երիտասարդ մասնագետներին ֆինանսների նախարարության աշխատանքներում, ինչպե՞ս նախարարության աշխատակիցների միջին տարիքը մեկ տարի հետո հինգ տարով նվազեցնել, ինչպե՞ս երիտասարդ աշխատակիցների թիվը բարձրացնել 50%-ով՝ 2024 թ․ համեմատ։ Նշյալ առաջադրանքների լուծման համար թիմերը շնորհանդեսներով ներկայացրել են իրենց տարբերակները։
ՀՊՏՀ ուսանողներից կազմված թիմը՝ «Լուծման բանալի» անվամբ, իր ծրագիրը կառուցել է՝ ՀՀ ֆիննախը երիտասարդ մասնագետների համար ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ առաջարկությունների փաթեթ ձևավորելով։ Շնորհանդեսի ընթացքում այս նպատակի իրագործման համար նրանք շեշտադրել են գործունեության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հանրային կապերի, դասընթացների, թեստավորման, փորձառության, կեցության աջակցության իրականացումը։
Այն, որ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցներից կազմված փորձագիտական խումբը հաղթող է ճանաչել մեր ուսանողներից կազմված թիմը, խոսուն կերպով վկայում է այն մասին, որ մասնակիցները հանդես են բերել մասնագիտական բարձր գիտելիք, ստեղծարարություն, թիմում աշխատելու կարողություն։
Հպարտորեն շնորհավորում ենք մեր ուսանողներին, մաղթում ուսման մեջ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ ու առաջընթաց։
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ծրագիրն իրականացնում էր «ԱՍ ԹԻՄ» ՍՊԸ-ի հետ համատեղ։