«Ձեր մարզական հաջողություններն արդեն վկայում են, որ դուք մրցունակ եք». Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց ՀՊՏՀ լավագույն մարզիկներին

Դիտումների քանակ՝ 1712

ՀՀ բուհերի ուսանողների 20-րդ հանրապետական մարզական խաղերում և Հայ-ռուսական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած «Ունիվերսիադա-2019» մրցույթում 1-3-րդ տեղեր զբաղեցրած ՀՊՏՀ մարզիկները, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանի և ամբիոնի դասախոս-մարզիչների հետ այսօր հանդիպեցին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին: Բուհի ղեկավարը առողջ ապրելակերպի ջատագովներին հրավիրել էր անմիջական զրույցի, որի գլխավոր ուղերձը կրթության, գիտության և սպորտի դերի արժևորումն էր: Հովհաննես Գաբրիելյանը, ով նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է, ռեկտորին հաշվետվություն ներկայացրեց այս կիսամյակում մեր մարզիկների ձեռքբերումների վերաբերյալ՝ շեշտադրելով, որ մեծ միջբուհական միջոցառումներում նրանք առավելագույնս ներգրավված են: Օրինակ, հանրապետական մարզական խաղերի բոլոր 18 առաջնություններին էլ ՀՊՏՀ-ականները մասնակցում են և ոչ միայն. գարնանային փուլում անհատական և թիմային փայլուն արդյունքներ են արձանագրել հրաձգության, ուժային եռամարտի, վոլեյբոլի (աղջիկներ, տղաներ) թիմերը, իսկ ֆուտզալի թիմը առաջատար է դարձել «Ունիվերսիադա-2019»-ում:

Ռուբեն Հայրապետյանը ողջունեց մարզիկների նպատակասլացությունն ու նկատեց. «Ձեր մարզական հաջողություններն արդեն ասում են, որ դուք մրցունակ եք»: Առանձնահատուկ կարևորելով համալսարանական միջավայրում սպորտի և ֆիզիկական ակտիվության դերը՝ ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց, որ դրանք ոչ միայն առողջ ապրելակերպի տեսանկյունից են նշանակալից, այլև բուհի բրենդի առաջխաղացման:

«Մեր համալսարանի առաքելության բաղադրիչներից մեկը պետք է դարձնենք առողջ ապրելակերպի քարոզումը: Այս համատեքստում դուք ձեր հաջողություններով, ձեր փորձով պետք է ոգևորեք, օրինակ ծառայեք մյուսներին»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Համալսարանը միշտ աջակցելու է իր ուսանող-մարզիկներին, բացահայտելու ու զարգացնելու է նրանց ներուժը. այս ոգևորող խոսքով ՀՊՏՀ ղեկավարը հորդորեց չերկրորդել ուսումը և լավ սովորել, մասնագիտանալ:

Նշենք, որ այսօրվա հանդիպմանը ներկա մարզիկներից ոմանք պրոֆեսիոնալ սպորտով են զբաղվում և միջազգային մրցահարթակներում պատվով ներկայացնում են Հայաստանը: «Ձեր մարզական հաջողություններն ուղեկցվելու են համալսարանի ղեկավարության ուշադրության շեշտադրմամբ»,- խոստացավ համալսարանի ղեկավարը

Այս կիսամյակի մարզական առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները ՀՊՏՀ ղեկավարության կողմից արժանացել են խրախուսական պարգևների: Հիշեցնենք, որ 20-րդ հանրապետական մարզական խաղերը կվերսկսվեն աշնանը:

Կրկին շնորհավորում ենք մեր մարզիկներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին