ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի ուղերձը շրջանավարտներին

11.07.2024
Դիտումների քանակ՝ 536

Սիրելի΄ շրջանավարտներ,

մենք միասին անցել ենք մասնագիտական ու անձնային կարողությունների ձևավորման մի բարդ, ստեղծագործ և հետաքրքիր շրջափուլով, որի ավարտական հանգրվանին, ցավոք, հասան ոչ բոլորը, ում հետ սկսեցինք մեր ճամփորդությունը։ Ձեր ուսումնառության ընթացքը և ամփոփիչ ատեստավորման արդյունքները համալսարանին հավատ են ներշնչում, որ այսօր աշխատաշուկա է ոտք դնում, իսկ շատերի պարագայում՝ իր մասնագիտական կարիերայի աճն է նախաձեռնում կիրառական հմտություններով օժտված, քննադատաբար մտածող, փաստահեն և հետազոտահեն որոշումների միտված, ստեղծարար, լայնախոհ, աշխատատեղում փոփոխություններ նախաձեռնելու համար բավարար համարձակ առաջնորդների և տնտեսագետների մի նոր սերունդ։ Միևնույն ժամանակ, մեր ընթացքը վստահություն է ներշնչում, որ հանրային կյանքում ևս, իբրև քաղաքացի, վարչարար և կամ որոշում կայացնող, դուք կլինեք նույնքան կարգապահ, պատասխանատու, ազատ, երազկոտ, հանդուրժող, կարեկցող, ապրումակցող ու նորարար, որպիսին եղել եք համալսարանական տարիներին։

Մենք ուրախ կլինենք, որ դուք՝ որպես Տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ, շարունակեք հպարտությամբ կրել և տարածել այն արժեքները, որոնք այստեղ ձեզ փոխանցել են։

Երբե՛ք չհուսահատվեք, եղե΄ք լավատես ամենաբարդ իրավիճակներում, երբե՛ք չընկրկեք դժվարությունների առջև, համառությամբ և աշխատասիրությամբ շարունակե՛ք իրագործել ձեր ամենախիզախ երազանքները, միշտ ձգտեք դեպի հեռուն՝ միաժամանակ մնալով իրատես, արժանապատվորե՛ն իրագործեք ձեր նպատակները, երբեք ջանք մի՛ խնայեք սովորելու, ինքնակրթվելու և ձեր մասնագիտական զարգացման ճանապարհին երբե՛ք կանգ մի առեք։

Շնորհավորում ենք բոլորիդ ձեր կյանքի կարևորագույն ձեռքբերման առիթով։

Բարին ձեզ հետ։ Մենք ընդամենն ասում ենք ցտեսություն՝ վստահ լինելով, որ դեռ կհանդիպենք մեր և ձեր բազմաթիվ նոր նախաձեռնությունների շրջանակներում։

Հարգանքով՝
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ