ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային տոնի առթիվ

17.11.2024
Դիտումների քանակ՝ 256

Սիրելի՛ ուսանողներ,

այսօր Ուսանողների միջազգային օրն է, ինչի առթիվ էլ շնորհավորում եմ ձեզ։ Դուք իրապես ընտրել եք արժանապատիվ կյանքով ապրելու բարդագույն, սակայն, միևնույն ժամանակ, բոլոր հասարակություններում հարյուրամյակներով փորձված ամենաառանցքային ճանապարհը՝ մասնագիտական կրթություն ստանալու, ձեր անձնական ու մասնագիտական պատրաստվածության աստիճանը բարձրացնելու, ձեռք բերած մասնագիտական գիտելիքի ու հմտությունների գործադրմամբ արժեք ստեղծելու և ապագայի բարեկեցիկ կյանքի բնական ակնկալիք ունենալու ճանապարհը։ Ճանապարհ, որտեղ ամեն ինչ չէ, որ հեշտ է ու սահուն, որը լի է բարդությունների, հիասթափությունների և միևնույն ժամանակ` ձեռքբերումների բերկրանքի հերթափոխությամբ, որի ընթացքում բարդությունները ձեզ երբեք չպետք է ընկճեն, իսկ ձեռքբերումները չդրդեն նիրհել հարմարավետության գոտում։

Ես ձեզ մաղթում եմ` ուսումնառության ողջ ընթացքում լինել ստեղծարար, չընկճվող ու համարձակ: Այն չպետք է եզրափակվի ձեր կողմից մասնագիտական կրթական ծրագիրն ավարտելով և որակավորում ստանալով, այլ պետք է դառնա ցկեանս գործընթաց։ Միայն բանիմաց, պատրաստված և խելացի մարդիկ են ունակ ու համարձակ` փոխելու այն միջավայրը, որում գտնվում են և, ի վերջո, ինչ- որ չափով փոխելու աշխարհը։ Քանզի, կրթությունն ու քաղաքացու կրթված լինելն են պետության ու տնտեսության զարգացման և ինստիտուցիոնալ կերպափոխման անկյունաքարը, իսկ կրթված լինելը յուրաքանչյուրիս առաքելությունն է։

Դուք սովորում եք Հայաստանի ամենագրավիչ, տեխնոլոգիապես հագեցած կրթական միջավայրն ունեցող և ամենամրցունակ համալսարաններից մեկում, որտեղ ամենօրյա աշխատանք է կատարվում կրթական ծրագրերն արդիականացնելու, կրթական միջավայրն ավելի գրավիչ, համարձակ, smart ու ստեղծարար դարձնելու, հետազոտությունները բազմազանեցնելու և դրանց ազդեցությունն ընդլայնելու, միջազգային կապերը խորացնելու և կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Մեր համալսարանը գործադրում է իր լավագույն ջանքը ձեր մասնագիտական և անձնային որակների ու հմտությունների բարելավման ուղղությամբ և պատրաստ է ուղեկցել ձեզ ձեր կարիերայի ողջ ընթացքում՝ լինելով գիտելիքի ձևավորման ու փոխանցման նպաստավոր միջավայր, և մենք միշտ հպարտ ենք, որ որպես համալսարան ունենք հենց ձեզ, այնպիսին, որ եք հիմա։

Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ