ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալվեց ՀՊՏՀ-ում և հանդես եկավ դասախոսությամբ

16.11.2024
Դիտումների քանակ՝ 283

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հյուրընկալվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։

Նախարարի այցը Տնտեսագիտական համալսարան սկսվեց շրջայցով, որի ընթացքում ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ներկայացրեց նոր ուսումնական տարվան ընդառաջ կարճ ժամանակահատվածում ՀՊՏՀ-ում վերանորոգված, կահավորված, տեխնոլոգիապես հագեցած լսարաններն ու սրահները, որոնք արմատապես փոխել են բուհի միջավայրն ու ենթակառուցվածքները։ Բուհի ղեկավարը մանրամասնեց կատարված աշխատանքները, նոր միջավայրում ուսանողներին ընձեռվող հնարավորությունները, լսարանների տեխնիկական ու ծրագրային հագեցվածությունը՝ ընդգծելով, որ այդ ամենը միտված է կրթության որակը նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելուն։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայցից հետո շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ նշելով, որ կարճ ժամանակահատվածում կատարված մեծածավալ աշխատանքի արդյունքը պատշաճ է բուհական կրթության միջավայրի համար։

Այնուհետև նախարարը հանդիպեց ՀՊՏՀ ակադեմիական կազմի և ուսանողների հետ։ ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով Ժաննա Անդրեասյանին և Սարգիս Հայոցյանին, նշեց, որ Տնտեսագիտական համալսարանի համար այս այցը մեծ պատիվ է և փաստում է, որ բարձրագույն կրթության բարեփոխումների ռազմավարությամբ նախարարությունը «հետևողականորեն ձեռքը պահում է համալսարանների զարգացման հարցերի զարկերակին»։ Արմեն Գրիգորյանը նախարարին շնորհակալություն հայտնեց նաև նախարարության կողմից ՀՊՏՀ-ին ցուցաբերվող աջակցության համար, որն իրականացվում է ամենօրյա աշխատանքային ռեժիմով։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ իր համար Տնտեսագիտական համալսարանում գտնվելը շատ հաճելի է նաև այն պատճառով, որ իր ծնողներն ավարտել են ՀՊՏՀ-ն, ապա հավելեց, որ Ուսանողների միջազգային օրվա նախօրեին նման հանդիպումը խորհրդանշական է և վկայում է, որ նախարարությունը կարևորում է բուհերի, ուսանողների հետ բաց երկխոսությունը։

Հանդես գալով «ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով դասախոսությամբ՝ նախարարը նշեց, որ ՀՀ-ում բարձրագույն կրթությունն ունի լավ ավանդույթներ, միաժամանակ` առկա են լուրջ մարտահրավերներ, որոնց լուծմանն էլ միտված է այժմ հանրային քննարկման դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը։

«Մասնագիտական կրթության համակարգն ունի շատ կարևոր գործառույթ, այն է՝ ապահովել հանրային զարգացումն այն կադրերի միջոցով, որոնք ձևավորվում են կրթության արդյունքում և որոնց կարիքն ունի հասարակությունը։ Եվ այդ իմաստով տնտեսագիտական վերլուծությունը շատ կարևոր տեղ պետք է զբաղեցնի մեր աշխատանքներում: Եվ ես ուրախ եմ, որ Տնտեսագիտական համալսարանն այս ուղղությամբ ակտիվորեն աշխատում է, և մենք էլ պետք է կարողանանք այդ վերլուծությունները շատ ավելի արդյունավետ օգտագործել քաղաքականությունների մշակման և դրանց իրականացման հետագա ընթացքում»,- մասնավորապես ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։ Նրա խոսքով` շատ կարևոր է բուհերում հետազոտական ներուժի ճիշտ օգտագործումը, որի արդյունքը պետք է դառնա պետական քաղաքականությունների և մասնավոր ոլորտի վարքականոնի ձևավորման բավարար հիմք։

Ժաննա Անդրեասյանը, օրենքի նախագծի հիմնական դրույթներից բացի, անդրադարձավ նաև բուհերի խոշորացման, ակադեմիական քաղաքի ծրագրերին՝ ընդգծելով, որ բոլոր քայլերի նպատակը բուհական համակարգում մեկ ստանդարտ սահմանելն է, ինչպես նաև` միջազգային մրցունակության ապահովումը։

Այնուհետև հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանով. Ժաննա Անդրեասյանը և Սարգիս Հայոցյանն անդրադարձան բուհերի միջազգայնացման, նոր օրենքի նախագծի, ակադեմիական քաղաքի, բուհերի խոշորացման մասին ներկաների հարցերին։

Հանդիպման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում