ՀՊՏՀ և «Ամբերդ» կենտրոնի ներկայացուցիչները այցելել են Կիպրոսի համալսարան

Դիտումների քանակ՝ 2421

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հունիսի 4-8-ը Կիպրոսի համալսարանում են գտնվել ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն, ավագ փորձագետ Վարդան Աթոյանը, ֆինանսների ամբիոնի դասախոս Մարե Խաչատրյանը։
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից՝ հայտնելով մանրամասներ: Եվ այսպես, այցի ընթացքում ՀՊՏՀ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Կիպրոսի համալսարանի արտաքին կապերի բաժնի, գիտական բաժնի պատասխանատուների և Մենեջմենթի ու բիզնեսի ֆակուլտետի փոխդեկանի հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ երկու բուհերի միջև հետագա համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Դրանցից հատկանշական են համատեղ հետազոտությունների իրականացման, կրթական ծրագրերի համապատասխանեցման և ուսանողների ու դասախոսների շարժունակության մեծացման հետ կապված նախնական համաձայնությունները։ Աշխատանքային շաբաթվա ընթացքում ՀՊՏՀ ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել շփվելու 23 երկրների տարբեր համալսարաններից ժամանած ավելի քան 35 մասնակիցների հետ, ինչի արդյունքում ևս արդեն իսկ կան հետագա համագործակցության նախադրյալներ։ Նշյալ շաբաթը հագեցած է եղել մի շարք միջոցառումներով. առավել հատկանշական են՝ միջազգային համագործակցության բաժինների կողմից սոցիալական մեդիայում ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տարածման հիմանական գործիքները, միջմշակութային հաղորդակցության հմտությունների զարգացումը՝ օտարերկրյա ուսանողերի հետ աշխատանքների արդյունավետության նպատակով, ճգնաժամային իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքման ու ղեկավարման մեթոդները, և այլն։
Արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանի խոսքով, աշխատանքային շաբաթը նշանակալի է եղել ձեռք բերված մի շարք արդյունավետ փոխհամաձայնություններով, որոնք ՀՊՏՀ միջազգայնացման և հետագա զարգացման գործում կունենա իր դրական ազդեցությունն ու կնպաստի թե՛ բուհի և թե՛ մեր երկրի հանդեպ այլ բուհերի ուսանողների ու աշխատակիցների հետաքրքրության և այցելությունների աճին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին