ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են միջազգային ամառային դպրոցին
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում հուլիսի 24-28-ը ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ Գայանե Հարությունյանը և ուսումնական բաժնի գլխավոր մասնագետ Էլվիրա Զարգարյանը այցելել են Ռումինիայի Սուչավա քաղաքի Ստեֆան Չել Մարե համալսարան և մասնակցել «Ժառանգության պաշտպանության միջոցով ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը» խորագրով (Developing entrepreneurial skills by protecting heritage) ամառային դպրոցին (Կաչիկա աշխատաժողով)։
ՀՊՏՀ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հյուրընկալող համալսարանի «Էրազմուս»-ի համակարգող, դոցենտ Անժելա Ալբուի, տնտեսագիտության, կառավարման և բիզնեսի ֆակուլտետի դեկան Կարմեն Նաստասյեի, ինչպես նաև նույն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, մասնակցել դասախոսությունների։
Աշխատանքային հանդիպումների ընթացքում նշյալ համալսարանի վարչական աշխատակիցների և ակադեմիական համակազմի ներկայացուցիչների հետ քննարկվել են տնտեսագիտության և բիզնեսի ոլորտի զարգացումները, կրթության կազմակերպման, կրթական ծրագրերի իրականացման և կազմակերպչական առանձին հարցեր, ներկայացվել են հյուրընկալող համալսարանի ֆակուլտետները, ընթացիկ նախագծերը, իսկ դասախոսական անձնակազմի անդամներն անդրադարձել են իրենց բուհում տպագրվող՝ ազդեցության գործակից ու միջազգային վարկանիշ ունեցող գիտական պարբերականներին, համատեղ գիտական հետազոտություններ իրականացնելու հնարավորություններին։
Ամառային դպրոցի ընթացքում կազմակերպվել են դասախոսություններ, պանելային քննարկումներ, ծանոթություններ ու հանդիպումներ, մշակութային միջոցառումներ՝ մասնակիցներին համախմբելով բազմաբովանդակ և արդյունավետ քննարկումների հարթակում։ Այն մեր պատվիրակներին նաև հնարավորություն է ընձեռել հաղորդակցվելու Ռումինիայի պատմության ու մշակույթի, հայկական հոգևոր ժառանգության հետ։