Ռումինացի պրոֆեսորները՝ ՀՊՏՀ հյուրեր
Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ի և Գալացի Դանուբիուս համալսարանի (Ռումինիա) համագործակցության արդյունքում մեր համալսարանը հյուրընկալել է պրոֆեսորներ Լիվիու Միխաիլ Մարինեսկուին և Լորինել Իֆտոդեին:
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը կազմակերպել է նրանց հյուրընկալությունը և հյուրերին ուղեկցել է համալսարանի տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ ՀՊՏՀ գրադարան և «Ամբերդ» հետազոտական կենտրոն՝ ծանոթանալու այդ կառույցների գործունեությանը:
Այսօր արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանը ֆինանսական ֆակուլտետի ուսանողներին և դասախոսներին (մեծ մասը՝ լեզուների ամբիոնի) ներկայացրեց հյուրերին և նրանց այցի նպատակը:
Լիվիու Միխաիլ Մարինեսկուն դասախոսության առաջին մասում իր հիացմունքն արտահայտեց մեր գարունաշատ երկրում առաջին անգամ գտնվելու՝ իր և գործընկերոջ համար երջանիկ առիթով, գովաբանեց մեր համալսարանը, գործունեության ռիթմն ու զարգացման ընթացքը, անցում կատարեց հայոց լեզվի ճոխությանն ու հմայքին, ցանկություն հայտնեց այն սովորել, թեև իրեն թվում է դժվար ու անհաղթահարելի և շնորհավորեց բոլորին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ՝ հայերեն արտաբերելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց: – Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
Բանախոսը սկզբում անդրադարձավ Գալացի Դանուբիուս համալսարանին, կրթության հնարավորություններին ու հեռանկարներին, ուսանողներին կողմնորոշող և օգտակար խորհուրդներ տվեց, ապա դասախոսություն կարդաց «Լեզուների, մասնավորապես՝ անգլերենի հաղորդակցական դերն ու կարևորությունը բիզնեսում» թեմայով:
Ուսանողները բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսին, առանձին հիմնախնդիրների շուրջ ծավալվեց քննարկում:
Գալացի Դանուբիուս համալսարանի պրոֆեսորները Հայաստանում կգտնվեն մինչև ապրիլի 7-ը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին