SAS+Statistics դասընթացն ավարտվեց. վկայականի արժանացավ 9 մասնակից

31.05.2021
Դիտումների քանակ՝ 1454

«Դը Գուրուս» ընկերության և ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի համատեղ կազմակերպած SAS+Statistics դասընթացը, որը մեկնարկել էր ապրիլի 2-ին այսօր եզրափակվեց վկայականների հանձնման հանդիսավոր արարողությամբ: Մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, «Դը Գուրուս» ընկերության SAS ծրագրավորման բաժնի ղեկավար Վահե Մարտիրոսյանը, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը, շարունակական կրթության բաժնի պետ Աղավնի Հակոբյանը:

Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց «Դը Գուրուս» ընկերությանը՝ արդյունավետ համագործակցելու, մասնավորապես՝ SAS+Statistics դասընթացը կազմակերպելու համար, հետագա համատեղ գործունեության հույս հայտնեց և շնորհավորեց դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցներին: «Կարևոր դասընթաց եք ավարտել, ցանկանում եմ, որ ձեր ստացած նոր գիտելիքը ծառայի ձեր մասնագիտական աճին, ձեր իսկ բարօրությանը և մեր հայրենիքին»,- ասաց ռեկտորը:

Նա նաև գոհունակությամբ ընդգծեց, որ մեր համալսարանում օրեցօր մեծանում է STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա՝ ԳՏՃՄ) մասնագիտությունների պահանջարկը, և այդ իմաստով փոխվել է նաև վիճակագրություն մասնագիտության ընկալումը:

Վահե Մարտիրոսյանը նույնպես շնորհավորեց ավարտական վկայականների արժանացած մասնակիցներին, բարձր գնահատեց ՀՊՏՀ-ի հետ համագործակցությունը և տեղեկացրեց, որ դասընթացի 30 մասնակցից վկայականի է արժանացել 9, որոնցից 4-ին ընկերությունն աշխատանք է առաջարկել և 2-ին արդեն ընդունել: Նա նաև արժևորեց վիճակագրության ամբիոնի հետ սերտ գործակցությունը, վիճակագրություն մասնագիտության ուսանողների հաջող փորձառությունը իրենց ընկերությունում:

Արտահայտվեցին նաև մասնակիցները՝ բարձր գնահատելով դասընթացի արդյունավետությունը, արհեստավարժ թիմի աշխատանքը, իրենց ընձեռված նոր գիտելիքի ձեռք բերման հրաշալի հնարավորությունը:

Ավարտին Դիանա Գալոյանը և Վահե Մարտիրոսյանը հանձնեցին վկայագրերը և կրկին նորանոր մասնագիտական հաջողություններ մաղթեցին մասնակիցներին:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին