ՀՊՏՀ հարկի տակ մեկնարկեց միջազգային սեմինարների 10-օրյակը. մասնակցում են 106 երիտասարդներ՝ աշխարհի 12 երկրից (լուսանկարներ)

31.05.2021
Դիտումների քանակ՝ 1954

Գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի հետ ՀՊՏՀ համագործակցությունն արդյունավետ ընթացք ունի. 2020 թ. կնքված հուշագրի շրջանակում աշխատանքները բազմաբնույթ են: Երեկ՝ մայիսի 30-ին, մեկնարկեց հերթական նախագիծը, որի շրջանակում մայիսի 31-ից հունիսի 11-ը ՀՊՏՀ-ում 12 երկրի (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Բուլղարիա, Ուկրաինա և այլն) 106 երիտասարդներ, այդ թվում՝ ուսանողներ և շրջանավարտներ ՀՊՏՀ-ից, կմասնակցեն միջազգային սեմինարների, նպատակը երիտասարդների ձեռնարկատիրական հմտությունների զարգացումն է, գիտելիքի ու փորձի փոխանցումը։

Մասնակիցները, որոնց շարքում, ուսանողներից բացի, նաև երիտասարդ պաշտոնյաներ են, ձեռնարկատերեր, մեր համալսարանին և միմյանց ծանոթացել են երեկ՝ շրջելով բուհի մասնաշենքերով, «Քվեսթ» ինտերակտիվ խաղի միջոցով ՀՊՏՀ-ի և Հայաստանի մասին իմացել են ավելին։

Իսկ այսօր ՀՊՏՀ դահլիճում հանդիսավորությամբ ազդարարվեց սեմինարների մեկնարկը։ Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանը, ասոցիացիայի թրեյներներ Ալեքսանդր Փոսթսը և Ֆրանչեսկո Ռուբերտոն։

Բացման խոսքում Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍՆ անունից ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակներին։ «Այս միջոցառման հիմնական նպատակը գաղափարների և մշակութային փոխանակությունն է»,-ընդգծեց փոխնախարարը։ «Մենք տեղյակ ենք կազմակերպության իրականացրած հսկայական աշխատանքի մասին, և կարողությունների զարգացմանը զուգահեռ՝ սեմինարների շարքը լավ հարթակ է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները քննարկելու և երկխոսության համար: Ուրախալի է, որ սեմինարների օրակարգում ընդգրկված են շատ հետաքրքիր թեմաներ` երիտասարդների զբաղվածության խթանման, երիտասարդ աշխատողների համար նոր կարողությունների և հմտությունների զարգացման, ինչպես նաև համապատասխան հարթակների ապահովման տեսանկյունից, որտեղ երիտասարդները կարող են կիսվել բիզնեսում իրենց փորձով, զարգացնել բիզնես պլանի հայեցակարգը և այլն»,- ասաց փոխնախարարը:

Ռեկտոր Դիանա Գալոյանը ողջույնի խոսքում նշեց, որ ՀՊՏՀ-ն իր զարգացման ճանապարհին առանձնակի կարևորում է միջազգային համագործակցությունն ու ընդլայնում է այն՝ բարձրացնելով տարբեր ծրագրերում ուսանողության ներգրավվածությունը։

««Կոպեռնիկուս Բեռլինի» հետ մեր աշխատանքն ամենաարդյունավետներից մեկն է, և նրա փոխանակային, կրթաթոշակային և այլ ծրագրերից օգտվում և իրենց գիտելիքն ու հմտությունը զարգացնում են ՀՊՏՀ ուսանողներն ու շրջանավարտները»,-ասաց ռեկտորը և դիմելով երիտասարդներին՝ նշեց, որ նրանցից յուրաքանչյուրի մեջ տեսնում է անհատի, ով պատրաստ է սովորելու, կատարելագործվելու և մաղթեց արդյունավետ քննարկումներ ու բարի երթ։ Դիանա Գալոյանը օտարերկրացի ուսանողներին հորդորեց նաև այս օրերին ակտիվ կապ պահպանել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի աշխատակիցների հետ, ովքեր կաջակցեն կազմակերպական և մի շարք այլ հարցերում։

Ողջույնի խոսքում Դավիթ Բուդաղյանը, թրեյներներ Ալեքսանդր Փոսթսը և Ֆրանչեսկո Ռուբերտոն մասնակիցերին մաղթեցին արդյունավետ, քննարկումներով ու գիտելիքով հարուստ հաղորդակցություն։

ԿԳՄՍ փոխնախարարն ու ՀՊՏՀ ռեկտորը պատասխանեցին երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանում և ՀՊՏՀ-ում միջազգային ծրագրերի իրականացմանը, երկրի և բուհի կառավարման գործընթացներում ուսանողության ներգրավվածությանը։

Արարողակարգային մասին հաջորդեցին սեմինարները։ Քննարկվելող թեմաները 3 խորագրերի ներքո են՝ «Կանայք բիզնեսում», «Ձեռնարկության հզորացումը երիտասարդների համար», «Մտածի՛ր, հրապարակելուց առաջ»։ Խոսնակները տեղական և միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ են, հաջողված ստարտափների հեղինակներ ու երիտասարդ ձեռնարկատերեր։

Դավիթ Բուդաղյանը asue.am-ի հետ զրույցում ասաց, որ միջազգային ձևաչափի այս միջոցառումը կոչված է երիտասարդներին փոխանցելու ձեռներեցության գիտելիք, նրանց ոգեշնչելու, տարբեր երկրների երիտասարդների միջև հաղորդակցություն և կապեր ստեղծելու։ «Նաև կարևոր է, որ այն երիտասարդները, որոնք 0-ից ստեղծել են իրենց բիզնեսը, այստեղ ներկայացնեն իրենց հաջողված փորձը և ոգևորեն մյուսներին, կոչ անեն խիզախել։ Մեր կարծիքով՝ բիզնեսում աջակցության կարիք ունեն հատկապես կանայք, ահա թե ինչու ենք սեմինարների խորագրերից մեկը նվիրել նրանց»,- ասաց «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի գործադիր տնօրենը։

Զրուցեցինք նաև սեմինարի մասնակից, Բուլղարիայի Սևլիևո քաղաքի փոխքաղաքապետ Պավլին Գրանչերի հետ, որը տպավորված է Հայաստանից և երկրորդ անգամն է մասնակցում «Կոպեռնիկուս Բեռլինի» միջազգային ծրագրերին։

«Իմ կարծիքով՝ կրթությունը տարբեր երկրների երիտասարդներին միավորում է, և տարբեր մտածելակերպի, գաղափարների տեր մարդիկ կարող են միմյանց ոգեշնչել, սովորեցնել՝ անկախ սեռից, մաշկի գույնից, կրոնից և ազգային այլ առանձնահատկություններից։ Այս նախագիծը հենց այդ հարթակն է, որտեղ, անշուշտ, միմյանց ասելու բան ունենք բոլորս»,-ասաց փոխքաղաքապետը։

Ահա այսպիսի ջերմ ու բարի մթնոլորտում ՀՊՏՀ-ն սկսեց միջազգային հերթական ծրագիրը: Մաղթում ենք բարի երթ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև ճանաչողական-մշակութային տուրեր դեպի Հայաստանի տեսարժան վայրեր։
Սեմինարների ընթացքը մեր տեսադաշտում կլինի առաջիկա օրերին։
Միջոցառումն իրականացվում է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի ջանքերով։
Ասոցիացիայի հետ ՀՊՏՀ համագործակցության շրջանակում մեր վերջին անդրադարձերից մեկին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին