«Խնայողությունների խաղը» որպես անձնական ֆինանսների կառավարման փորձառություն

Դիտումների քանակ՝ 1421

ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ այսօր ֆինանսական ֆակուլտետում անցկացվեց «Խնայողությունների խաղ», որը միջհամալսարանական մրցույթ է և նպատակաուղղված է անհատների անձնական ֆինանսների կառավարման հիմնարար կարողությունների զարգացմանը: Խաղն անցկացվում է հայաստանյան 9 համալսարաններում, արդյունքների ստուգումից հետո համեմատվելու են բուհերի միավորները, և հայտնի են դառնալու հաղթողները: Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնի փորձագետ Աննա Սադոյանը:

«Մրցում են 4 թիմեր, յուրաքանչյուրը մեկ ընտանիք է, որը գտնվում է ֆինանսապես անկայուն վիճակում: Մասնակիցները իրենց ֆինանսական որոշումներով 3 փուլի ընթացքում փորձում են ընտանիքը դուրս բերել անկայուն ֆինանսական վիճակից և որոշակի կայունություն ձեռք բերել»,-ասաց փորձագետը:

Այսօր մրցող ընտանիքների թիմերում ընդգրկված էին ֆինանսական ֆակուլտետի տարբեր մասնագիտություննների 1-ին և 2-րդ կուրսեցիներ: Խաղավարն էր ԿԲ նույն կենտրոնի փորձագետ Տիգրան Էլբակյանը:

Աննա Սադոյանը նաև տեղեկացրեց՝ այսօրվա արդյունքները ստուգված և ամփոփ կներկայացվեն մինչև մայիսի 17-ը և հասանելի կլինեն ԿԲ պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին