ԵՄ «էրազմուս+». դասախոսություն, գիտաժողովի մասնակցություն Ստեֆան սել Մարե համալսարանում

Դիտումների քանակ՝ 2050

«Էրազմուս +» ծրագրով Հայաստանի պետական տնտեսագիտական և Ռումինիայի Ստեֆան սել Մարե Սուչավայի համալսարանների համագործակցության շրջանակներում ապրիլի 27-ից մայիսի 4-ը նշված համալսարանի տնտեսագիտության և հանրային կառավարման ֆակուլտետում է եղել ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ Տաթևիկ Վարդանյանը: «Աշխատուժի միջազգային միգրացիայի մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով «Ստրատեգիական կառավարում» դասընթացի շրջանակում նա դասախոսությամբ հանդես է եկել մագիստրոսական և բակալավրական միացյալ խմբերում: Մեզ հետ զրույցում Տաթևիկ Վարդանյանը նշեց, որ ունկնդիրներին այս թեման առանձնակի հետաքրքրել է, որովհետև Ռումինիան այսօր ունի միգրացիայի լուրջ հիմնախնդիրներ:
«Մայիսի 2-3-ին հրավիրվեցի մի գիտաժողովի, որին մասնակցում էին Սուչավային սահմանակից ուկրաինական Չեռնովցի քաղաքի առևտրի և տնտեսագիտության դպրոցի ներկայացուցիչները: Թեման զբոսաշրջությունն էր՝ որպես երկրի տնտեսության զարգացման հնարավորություն: Ես իմ զեկուցմամբ ներկայացրեցի Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ներուժը և ուկրաինացի գործընկերների և ուսանողների հարցերում բավականին մեծ հետաքրքրություն զգացի ՀՀ Սյունիքի մարզի զբոսաշրջային զարգացման հեռանկարների և Հայաստանում առողջարանային զբոսաշրջության նկատմամբ»,-պատմեց Տաթևիկ Վարդանյանը և նշեց, որ մեր համալսարանին ուղղված համագործակցության բազմաթիվ առաջարկներ են հնչել և՛ ռումինացի, և՛ ուկրաինացի, և՛ մարոկկացի գործընկերների կողմից:
ՀՊՏՀ դասախոսը շրջել է նաև հայկական պատմամշակութային կոթողներով հարուստ Սուչավայում և մասնակցել Գրքի փառատոնի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին