Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանի նախագահությամբ: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ձևավորման մասին զեկուցեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը՝ նշելով, որ համալսարանում ամփոփոիչ ատեստավորման գործընթացն իրականացնելու համար ձևավորվել է 28 հանձնաժողով, որից 4-ը՝ ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերում: Գործընթացը, պրոռեկտորի խոսքով, ընթանում է սահմանված կարգով, արտառոց դեպքեր չկան:
Այնուհետև ՀՊՏՀ երկու գիտաուսումնական լաբորատորիաների՝ «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» (ղեկավար՝ տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյան) և «Ֆինանսական ներգրավվածություն» (տ.գ.դ. դոցենտ Սերգեյ Սուքիասյան) ղեկավարները հաշվետվություններ ներկայացրեցին իրենց գործունեության ընթացիկ վիճակի մասին՝ ներկայացնելով կատարված աշխատանքները, հետազոտվող թեմաները և անելիքները: Բոլոր հաղորդումները գիտական խորհուրդն ընդունեց ի գիտություն: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ աշխարհի համալսարանները գիտահետազոտական աշխատանքների արդյունքում լուրջ հաջողություններ են արձանագրում՝ ներգրավելով նաև ֆինանսական միջոցներ: ՀՊՏՀ-ում ևս, ռեկտորի խոսքով, հետազոտական կենտրոնն ու լաբորատորիաները ստեղծվել են այն լուրջ ակնկալիքով, որ այստեղ կձևավորվեն պրոֆեսիոնալ հետազոտողներ և փորձագետներ: Կորյուն Աթոյանն այս հորդորն ուղղեց և կոչ արեց ներգրավել հատկապես երիտասարդներին:
Պարույր Քալանթարյանը զեկուցեց կրթական ծրագրերի մշակման ընթացքի մասին և արդյունքում քվեարկության դրվեց և հաստատվեց «Սերվիս» մասնագիտության առկա բակալավրիատի մասնագիտական կրթական ծրագիրը: Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը զեկուցեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցեր, որոնք հաստատվեցին: Գիտական խորհուրդը, Գագիկ Վարդանյանի ներկայացմամբ, հրատակության երաշխավորեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ, պրոֆեսոր Յուրի Սուվարյանի, տ.գ.դ, պրոֆեսոր Վարդան Սարգսյանի, տ.գ.դ., դոցենտ Ռուբեն Հայրապետյանի, տ.գ.թ., դոցենտ Սարգիս Ասատրյանցի, ասիստենտ Մարիանա Քոչարյանի «Հանրային կառավարումը Հայաստանի Հանրապետությունում. զարգացման ընթացքը և բարեփոխման գերակայությունները» գիրքը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանի «Արդիականության գլոբալ հիմնախնդիրները», միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի անդամների հեղինակած «Միջազգային տնտեսագիտություն», տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Արմեն Ղազարյանի «Համակարգչային գրաֆիկա» ուսումնամեթոդական ձեռնարկները, ինչպես նաև «Տնտեսության և հասարակության զարգացում. 21-րդ դարի մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովի նյութերի ժողովածուն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին