Տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստը, որտեղ հաստատվեցին մի շարք փաստաթղթեր, լսվեցին հաշվետվություններ, տեղի ունեցավ քվեարկություն

Դիտումների քանակ՝ 1038

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ՝ գիտական խորհրդի նախագահ, ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի նախագահությամբ: Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը բուհի ղեկավարը հանդես եկավ մի քանի ընթացիկ հարցերի ներկայացմամբ:

«Հարգելի գործընկերներ, առաջիկայում քննաշրջան է, և ես ձեզ կոչ եմ անում գործընթացի կազմակերպման առանցքում 3 չափանիշ նկատի ունենալ՝ օբյեկտիվություն, կարգապահություն և վերահսկողություն»,- ասաց Դիանա Գալոյանը՝ ընդգծելով, որ պետք է բացառել որևէ միջնորդություն, լինել օբյեկտիվ, ինչի հիմնական նպատակը կրթության որակի բարելավումն է:

Այնուհետև ռեկտորի պաշտոնակատարը գիտխորհրդի անդամներին հայտնեց, որ գալիք տարի նշվելու է համալսարանի հոբելյանը, բուհի տարեդարձը նշանավորվելու է բազում միջոցառումներով, և գործընթացն իրականացնելու համար պետք է ձևավորել կազմակերպական կոմիտե: Գիտխորհրդի անդամները ներկայացրեցին իրենց ներկայացուցիչներին, համաձայն որի՝ ձևավորվեց կազմը:

Այնուհետև հագեցած օրակարգով նիստը բացեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը՝ զեկուցելով «ՀՊՏՀ գործունեության բարելավման գործողությունների ընթացքի մասին» հարցը: Պրոռեկտորը նշեց, որ ՀՊՏՀ-ն հավատարմագրման գործընթացում է, որի ավարտից հետո, հավանաբար, կնախանշվեն բարելավման նոր գործողություններ: Այնուամենայնիվ, Արմեն Գրիգորյանն անդրադարձավ բարելավման գործողությունների պանով նախատեսված մի շարք ծրագրերի՝ նշելով, որ դրանք կատարվել են նախորդ շրջանում:

Մրցութային հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր, ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ Արամ Սարգսյանը զեկուցեց դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին հարցը՝ մանրամասն ներկայացնելով բուհի ղեկավարին ուղղված թեկնածուների դիմումները, մրցութային հանձնաժողովի քննարկումն ու դիրքորոշումը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում դոցենտի գիտական կոչում ստացան կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Թագուհի Օհանյանը, կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արթուր Եղիազարյանը, բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ, ֆիզ.մաթ. գ.թ. Հայկ Քամալյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արա Մկրտչյանը, ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Մարե Խաչատրյանը, Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ղարիբ Հարությունյանը: Քվեարկության արդյունքները հաստատվեցին բաց քվեարկությամբ:

Ուսանողական խորհրդի ֆինանսական հաշվետվությունը ներկայացրեց ՈՒԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը՝ նշելով, որ 2019թ. ՈՒԽ-ն կազմակերպել է մարզական, սոցիալական, ռազմահայրենասիրական, մշակութային և գիտական բազմաթիվ միջոցառումներ՝ ներբուհական և արտաբուհական ձևաչափով, ապա մանրամասնեց, թե այդ միջոցառումների համար որքան է ծախսվել ՀՊՏՀ կողմից ուսանողական խորհրդի միջոցառումների աջակցմանն ուղղված գումարից: ՈւԽ նախագահը նաև նշեց, որ տնտեսվել է որոշակի գումար, որը կուղղվի մի շարք ուսանողների ուսման վարձերի փոխհատուցմանը:

Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը հանդես եկավ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրերի 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածն ընդգրկող տարեկան հաշվետվությունների մասին» զեկուցմամբ՝ նշելով, որ նշված ծրագրերի շրջանակներում երկու գիտական թեմա են ուսումնասիրում ՀՊՏՀ երկու ամբիոններ: Այնուհետև «Հանրային կառավարման արդյունավետության բարձրացման գերակայությունները Հայաստանի Հանրապետությունում» թեման զեկուցեց (ծրագրի գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յու.Մ.Սուվարյան) խմբի անդամ, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը՝ նշելով, որ հաշվետու շրջանում կատարված հետազոտական աշխատանքը հիմնականում ստեղծել է մեթոդաբանական արդյունք: «ՀՀ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների արդյունավետ փոխգործակցության հնարավորությունները» թեման զեկուցեց ծրագրի գիտական ղեկավար, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ հաշվետու շրջանում կատարված աշխատանքները դրվել են բաց քննարկման՝ թե՛ ամբիոնում, թե՛ գիտական սեմինարի ընթացքում: Հաշվետվությունները գիտխորհուրդը հաստատեց:

Պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը զեկուցեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական թեմաների և հետազոտական խմբերի ձևավորման, դրանցում ասպիրանտների և ուսանողների ներգրավման կարգը» քննարկելու և հաստատելու ու գիտական խորհրդի՝ 2014 թվականի մարտի 26-ի նիստում (արձանագրություն N 5) հաստատված «Գիտաուսումնական խմբերի հետազոտական նախագծերի մրցույթի վերաբերյալ կանոնակարգը» ուժը կորցրած ճանաչելու մասին» հարցը, որը հաստատվեց:

Ուսումնական գործընթացը կարգավորող մի շարք փաստաթղթեր ներկայացրեց պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ բոլոր փաստաթղթերը շրջանառվել են ամբիոններում, ապա շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ ներկայացրած գործուն առաջարկների համար: Պրոռեկտորը ներկայացրեց ««Գիտական խորհրդի՝ 2019 թվականի հունիսի 18-ի նիստում (արձանագրություն N 12) հաստատված «Առկա ուսուցման բակալավրիատում ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության մեխանիզմների կազմակերպման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հեռակա ուսուցմամբ բակալավրական կրթական ծրագրերում ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության մեխանիզմների կազմակերպման կարգը» քննարկելու և հաստատելու մասին», ««Առկա ուսուցմամբ մագիստրոսական կրթական ծրագրերում ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության կազմակերպման կարգը» քննարկելու և հաստատելու մասին», ««Հեռակա ուսուցմամբ մագիստրոսական կրթական ծրագրերում ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության կազմակերպման կարգը» քննարկելու և հաստատելու մասին», ««Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնագիտական կրթական ծրագրերի մշակման, գնահատման և մշտադիտարկման կարգը» քննարկելու և հաստատելու մասին», հարցերը, որոնք հաստատվեցին:

Օրակարգային վերջին հարցը կրկին զեկուցեց պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը՝ զեկուցելով ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին, որոնք գիտխորհուրդը հաստատեց:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին