ՀՊՏՀ գերմանախոս ուսանողները բաց դաս վարեցին

Դիտումների քանակ՝ 1681

Լեզուների ամբիոնի դասախոս Հասմիկ Ղազարյանը, մեկտեղելով ՀՊՏՀ 1-ին կուրսերի գերմանախոսներին, այսօր ինտերակտիվ դաս էր կազմակերպել, որը վարեցին բացառապես ուսանողները: Նրա հանձնարարությամբ ուսանողները բաժանվել էին թիմերի և յուրաքանչյուրը ելույթ էր պատրաստել «Ինչպե՞ս գնալ Գերմանիա՝ կրթական ցուցահանդեսի մասնակցելու նպատակով» թեմայով: Դասախոսն այսօր ունկնդրի կարգավիճակում էր և ամբիոնը վստահել էր ուսանողներին:

asue.am հետ զրույցում Հասմիկ Ղազարյանն ասաց, որ դասն անցկացվել է, այսպես կոչված, գործունեական մեթոդով, այսինքն՝ ուսանողն ինքն է պրպտել գերմանալեզու աղբյուրներ՝ կայքեր, ամսագրեր և այլ, և հավաքագրել անհրաժեշտ տեղեկությունները: Ոմանք նույնիսկ իրական նամակ էին ուղարկել կրթական ցուցահանդեսի կազմակերպիչներին և առաջին ձեռքից ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Յուրաքանչյուր խումբ ջանաց տեղեկատվությունը լսարանին հաղորդել հնարավորինս գեղեցիկ, համոզիչ և պատկերավոր: Նրանք պարզաբանեցին՝ ինչպես կարող են ուսանողները հաղորդակցվել գերմանական կազմակերպությունների հետ, մատչելի կացարան գտնել Գերմանիայում, շրջել այս կամ այն գերմանական քաղաքում, այցելել թանգարաններ, մատչելի խանութներ և այլն: Թիմերի միջև ծավալվեց նաև երկխոսություն:

Դասախոսը նշեց, որ գերմանախոս ուսանողներին համախմբող միջոցառումը նպատակ ուներ ոչ միայն բանավոր հաղորդակցային հմտություններ զարգացնել, այլև ամփոփել կիսամյակի ընթացքում ստացած գիտելիքները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին