«Հաջորդ կիսամյակից անարդյունավետ միջանկյալ ստուգումները վերանալու են». ՀՊՏՀ այսօրվա գիտխորհրդում հայտարարեց ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը

Դիտումների քանակ՝ 4116

Փոփոխվեցին և վերանայվեցին կարգեր, ընդունվեցին որոշումներ, երաշխավորություններ ստացան գիտահետազոտական թեմաներ և ատենախոսություններ. այս ամենը այսօր ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստի օրակարգում, ակադեմիական բարեփոխումների համատեքստում: Իսկ օրակարգից դուրս ռեկտորի պաշտոնակատար, խորհրդի նախագահ Ռուբեն Հայրապետյանի երկու հայտարարությունն էր, որոնցով մեկնարկեց նիստը:«ՀՊՏՀ-ն շուտով դիմելու է Համաշխարհային բանկի և Նորարարությունների մրցակցային հիմնադրամի հետ համատեղ ծրագրին, որով նախատեսվում է ձեռնարկատիրության զարգացման ինկուբատոր կենտրոն ստեղծել, որը բավականին մասշտաբային նախագիծ է մեզ համար ու շատ կարևոր:

Գործընթացն իրականացնելու համար մենք ձեռք ենք բերել նոր գործընկերներ, որոնցից է  FAST հիմնադրամը։ Այն հիմնականում զբաղվում է տեխնոլոգիական ուղղվածության ստարտափների զարգացմամբ, ձեռնարկատիրությամբ: Այս հիմնադրամի հետ մի քանի հանդիպում ենք ունեցել, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ օգտագործելու նրանց փորձագիտական ներուժը և փորձառությունը՝ զանազան ծրագրեր կյանքի կոչելու համար»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը՝ մեկնաբանելով, որ այն ունի գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական ուղղվածություն և մեր համալսարանի համար կարևոր է տեխնոլոգիական բացը լրացնելու տեսանկյունից:

Օրակարգից դուրս երկրորդ հարցը բուհի անցակետերի վերաբերյալ էր: Կարգապահական կանոնները պահպանելու նպատակով, ռեկտորն ուսանողներին կոչ արեց համալսարանի տարածք մտնել և դուրս գալ բացառապես ուսանողական քարտերով և հայտարարեց, որ մինչև մայիսի 1-ը քարտ չունեցող ուսանողներին ժամանակ է տրվում դիմել և ստանալ նորերը, քանի որ այդ օրվանից առանց քարտերի մուտքը բուհի տարածք արգելվելու է: Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց նաև գիտական խորհրդի նոր անդամներին:

Հաջորդիվ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ձևավորման մասին զեկուցելու համար խոսքը տրամադրվեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանին: Վերջինս ներկայացրեց հանձաժողովների ձևավորման նոր մոտեցումները, առկա և հեռակա բակալավրիատում և առկա մագիստրատուրայում ատեստավորման մասնակիցների և ամբիոններում ձևավորված հանձանաժողովների թվաքանակը, մասնաճյուղերի և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի մասնակցությունը գործընթացին և հանձնաժողովների համալրմանը, որոնք, պրոռեկտորի խոսքով՝ կազմակերպությունների, գերատեսչությունների, ակադեմիական հաստատությունների, գիտական աստիճան ունեցող աշխատակիցներ են, պաշտոնատար մասնագետներ և այդ հանձնաժողովների կազմում այլևս չեն ընդգրկվում ռեկտորատի և դեկանատի ներկայացուցիչներ:

ՀՊՏՀ գործունեության բարելավման գործողությունների պլանի կատարման ընթացքի մասին զեկուցմամբ Պարույր Քալանթարյանն անդրադարձ կատարեց բուհի ստորաբաժանումների ոչ բավարար աշխատանքին, ներկայացրած տեղեկատվության ոչ արժանահավատությանն ու շեշտադրեց, որ ստորաբաժանումների կարողությունները ակնհայտորեն ուժեղացվելու կարիք ունեն: Ի պատասախան բարձրացված հարցադրումների, ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն իր խոսքն ուղղեց ամբիոնների վարիչներին, դեկաններին, ստորաբաժանումների ղեկավարներին՝ հորդորելով իրենց աշխատատեղերում պատասխանատու մոտեցում դրսևորել, քանի որ բոլորը պետք է զգան դրական փոփոխությունների ալիքը՝ չաշխատողները՝ ի վնաս իրենց, իսկ աշխատողները՝ ի նպաստ: Ռեկտորի պաշտոնակատարը հավելեց նաև, որ պետք է գործեն պատասխանատվության հստակ մեխանիզմներ:

Գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը ներկայացրեց Համաձայն ՀՀ Կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգի»՝ ՀՀ 2020 թ. պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու նպատակով գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի հայտերը, որոնք են՝ «Կառավարչական որոշումների ընդունման և իրագործման կառուցակարգերի ու հաղորդակցության տեխնոլոգիաների ազդեցությունը ՀՀ հանրային կառավարման արդյունավետության վրա» (գիտական ղեկավար` կառավարման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ, պրոֆեսոր, «ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ» Յուրի Սուվարյան), «ՀՀ տնտեսության խոցելիությունը ներքին շոկերից և մակրոտնտեսական կայունության ապահովման հնարավորությունները» (գիտական ղեկավար` մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյան), «Սոցիալական կառավարման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» (գիտական ղեկավար` կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արևիկ Հովհաննիսյան), «Նյութական մոտիվացիայի բարձրացման հիմնախնդիրները ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում» (ծրագրի գիտական ղեկավար` հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան, տ.գ.թ, դոցենտ Մերի Բադալյան):

Ծրագրերի ղեկավարները մանրամասնեցին թեմաների նպատակը, խնդիրները, արդիականությունը, կազմը, ֆինանսավորման ծավալները: Խորհուրդը երաշխավորեց ներկայացված 4 ծրագրից 3-ը:

Ընթացիկ հարցերի շարքում գիտական խորհուրդը քննարկեց և հաստատեց «ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգը» և «ՀՊՏՀ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ուսանողների վերականգնման, ներքին տեղափոխության, առարկայական (ծրագրային) տարբերությունների հանձնման և ուսման վճարի հաշվարկման ընթացակարգը» (զեկուցող՝ պրոռեկտոր Պարույր Քալանթարյան): Առաջինը, բանախոսի ներկայացմամբ, կրել էր ոչ էական և մասնակի փոփոխություններ, այնուհանդերձ, ծավալված քննարկման արդյունքում ռեկտորի պաշտոնակատարն ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորին հանձնարարեց դեկանների հետ համատեղ քննարկել 1-ին կուրս ընդունված մագիստրանտների ուսման վարձի վճարման կարգի արդյունավետ մոդել: Երկրորդում կատարված վերանայումը վերաբերում է հատկապես վերականգնման դեպքում ուսումնասիրված դասընթացների մասով գումարի նվազեցմանը: Այս թեմայի քննարկումից ածանցված՝ ռեկտորի պաշտոնակատարը հանդես եկավ կարևոր հայտարարությամբ. «Հաջորդ կիսամյակից անարդյունավետ միջանկյալ ստուգումները վերանալու են, ընթացիկ ստուգումները անցկացվելու են միայն գործնական պարապմունքների ընթացքում»: Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը հանդես եկավ օրակարգից դուրս մեկ հարցադրմամբ՝ ուսանողներն ահազանգում են, որ որոշ դասախոսներ շարունակում են անարդյունավետ կերպով վարել դասախոսությունը և միտումնավոր վատնում են դասաժամերը: Ի պատասխան՝ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ անմիջապես ամբիոնների վարիչները պատասխանատու են լինելու նման դասախոսների առկայության համար, արդեն իսկ մշակվել և ընդունվել են դասալսումների և հարցումների կարգերը՝ երևույթի դեմ առավել հասցեական և արդյունավետ պայքարելու համար: Անուններով հրապարակային անդրադարձ է կատարվելու այդ դասախոսներին և կայացվելու են համապատասխան որոշումներ:

Գիտական խորհուրդը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Քալանթարյանի զեկուցմամբ քննարկեց և հաստատեց գիտական խորհրդի՝ 2018 թվականի մարտի 5-ի նիստում (արձանագրություն N 5) հաստատված «Ավարտական աշխատանքի կատարման և պաշտպանության մեթոդական ցուցումներում» և գիտական խորհրդի՝ 2018 թվականի մարտի 5-ի նիստում (արձանագրություն N 5) հաստատված «Մագիստրոսական թեզի կատարման և պաշտպանության մեթոդական ցուցումներում» փոփոխություններ կատարելու մասին հարցերը: Գիտական խորհրդի որոշմամբ հանվեց ավարտական աշխատանքների նախապաշտպանության պարտադիր պահանջը՝ դրանց անցկացումը թողնելով ամբիոնների հայեցողությանը:

Արծարծվեց նաև ղեկավարի գրավոր կարծիքի առկայության խնդիրը, որը վաղուց արդեն կրում է ձևական և ոչ բովանդակային բնույթ: Այս առնչությամբ Ռուբեն Հայրապետյանը հանձնարարեց ձևակերպել հստակ առաջարկություններ՝ հիմնախնդիրը նախարարություն ներկայացնելու համար: Գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը ներկայացրեց «Ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին» հարցը։ Գիտխորհուրդը հաստատեց 3 ատենախոսություն և գիտական ղեկավար, ինչպես նաև «Երիտասարդ գիտնական» խորագրով ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության 38-րդ նստաշրջանի նյութերի ժողովածուի հրատարակությունը: Վերջում ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կրկին հիշեցրեց և ընդգծեց, որ մայիս 1-ից ուժի մեջ է մտնելու անցագրային խիստ կարգը, իսկ ամբիոնների վարիչները սեպտեմբերից սկսած ոչ պարտաճանաչ և անբարեխիղճ դասախոսների առկայության հարցով պետք է ստանձնեն անձնական պատասխանատվություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին