ՀՊՏՀ գիտական խորհրդի 2024-2025 ուստարվա առաջին նիստն ընթացավ կանոնակարգային հարցերի քննարկմամբ

27.09.2024
Դիտումների քանակ՝ 1127

Սեպտեմբերի 27-ին կայացավ 2024-2025 ուսումնական տարվա ՀՊՏՀ գիտական խորհրդի առաջին նիստը՝ ՀՊՏՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։  Նրա առաջարկով խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

Օրակարգային առաջին հարցով հաստատվեց ՀՊՏՀ գիտական խորհրդի 2024-2025 ուսումնական տարվա առաջին կիսամյակի աշխատանքային պլանը, որից հետո գիտական խորհրդին կից մրցութային հանձնաժողովի նախագահ Արա Մկրտչյանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին հարցը։ Փակ գաղտնի քվեարկությամբ դոցենտի գիտական կոչում շնորհվեց ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Արմեն Մարկոսյանին և լեզուների ամբիոնի ավագ դասախոս, տ․գ․թ․ Քրիստինա Թորգոմյանին։ Բուհի ղեկավարը շնորհավորեց գործընկերներին՝ ընդգծելով նրանց մասնագիտական և մարդկային արժանիքները։

Այնուհետև խորհուրդը հաստատեց ՀՊՏՀ գիտխորհրդին կից ուսումնամեթոդական և հրատարակչական հանձնաժողովներում փոփոխություններ կատարելու մասին հարցերը, ինչպես նաև փոփոխություններ կատարեց բուհի ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության կազմակերպման կարգերում (ընթացիկ ակտիվության բաղադրիչ), ուսումնական աշխատանքների ծավալի հաշվարկի և դասախոսական կազմի ուսումնական նորմատիվները հաստատելու մասին որոշման մեջ, ակադեմիական կազմի ձևավորման կանոնակարգում, ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի կատարման, պաշտպանության ներկայացման և հրապարակային պաշտպանության կանոնակարգերում։ Վերջին երկու կանոնակարգերում փոփոխությունները հիմնականում վերաբերում էին աշխատանքներում գրագողության հարցերին, թեմաների տրման ժամկետներին։ Ներկայացված փոփոխությունները հաստատվեցին։

ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ներկայացրեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2024 թ․ առաջարկվող «Պետության դերը գործարար բարեվարքության ոլորտում, դրա խթանման մեխանիզմները» խորագրով հետազոտական թեման, որը հաստատվեց։

Օրակարգային վերջին հարցով գիտական խորհուրդը հաստատեց Լևոն Աշոտի Հակոբյանի ուսանողական իրավունքների վերականգնումը։