Ժպիտներ` դիմակների ներքո. դիպլոմներ են ստացել ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շրջանավարտները

Դիտումների քանակ՝ 1587

Սոցիալական հեռավորություն, դիմակներ ու ձեռնոցներ, անվտանգության կանոնների խստագույն պահպանում. ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2019-2020 ուստարվա շրջանավարտներն այսպես կհիշեն իրենց չկայացած «Վերջին զանգը»: Քոլեջի նորավարտ սաները հունիսի 5-ին դիպլոմներ են ստացել կրթօջախի բակում, առանց ծնողների և հարազատների ընկերակցության ու շնորհավորանքների: Այնուամենայնիվ, դա չի խանգարել նրանց համակվել կյանքի կարևորագույն փուլը հաջողությամբ ամփոփելու գիտակցումից ծնված հպարտությամբ ու ժպիտով, միայն թե` ժպիտները դիմակների ներքո են եղել:

Այս մասին asue.am-ի զրույցում ասաց քոլեջի տնօրեն Գոհար Բուլանիկյանը: Դիպլոմները հանձնել են քոլեջի տնօրենը, փոխտնօրենները, վարչական աշխատակիցները: Նրանք շնորհավորել ու բարի ճանապարհ են մաղթել քոլեջականներին` լիահույս, որ միշտ բարձր են պահելու ՀՊՏՀ քոլեջի անունն ու մասնագիտական կրթություն ստանալիս ևս ցուցաբերելու են աշխատասիրություն ու համառություն: «Հանրապետությունում առկա իրավիճակը հաշվի առնելով` ոչ մի էմոցիոնալ և հանդիսավոր միջոցառում չի ձեռնարկվել, խստագույնս պահել ենք անվտանգության կանոնները: Նշեմ, որ փայլուն սերունդ թողարկեցինք, 210 շրջանավարտից 97-ն ավարտեց գերազանցության (Կարմիր) դիպլոմով, 113-ը` կապույտ դիպլոմով (լավ գնահատականներով): Կառավարության համապատասխան կարգի համաձայն` մեր շրջանավարտները հարցազրույցով կընդունվեն բուհեր` հեռակա համակարգ, ընդ որում, զգալի մասը հենց ՀՊՏՀ դիմորդ է: Ունենք նաև շրջանավարտներ, որոնք հայտագրվել են միասնական քննություններին` առկա համակարգ ընդունվելու համար: Իսկ արհեստագործական ուղղությամբ այս տարի ունենք 45 շրջանավարտ, որոնք դիպլոմները կստանան առաջիկա երկուշաբթի»,-ասաց Գոհար Բուլանիկյանն ու հավելեց, որ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը օգոստոսին արդեն կսպասի իր դիմորդներին: Նշենք, որ հայտագրումն իրականացվելու է առցանց, ընդունելության հայտարարությունը, տնօրենի փոխանցմամբ, կհրապարակվի հուլիսին:

Սիրելի′ շրջանավարտներ, շնորհավորում ենք միջին մասնագիտական կրթության հավաստագրերը ստանալու առիթով և մաղթում կանաչ ճանապարհ դեպի բարձրագույն մասնագիտական կրթություն: ՀՊՏՀ-ն գրկաբաց սպասում է ձեզ:

Հ.Գ. Լուսանկարները` քոլեջի ֆեյսբուքյան էջից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին