Starmus VI փառատոնի շրջանակներում ՀՊՏՀ-ում էր Թոնի Ֆադելը․ iPod-ի «հայրը» բացահայտեց իր հաջողության գաղտնիքը (լուսանկարներ, տեսանյութ)

07.09.2022
Դիտումների քանակ՝ 1604

«Ցանկացած հաջողության հիմքում ձախողումներն են»,- ասում է աշխարհահռչակ գյուտարար Թոնի Ֆադելը և խոստովանում՝ ցավը միայն մոտիվացրել է իրեն ու առաջնորդել՝ լինելու ավելի ուժեղ։

Ֆադելը լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար է, դիզայներ, ձեռնարկատեր և ներդրող։ Հենց նա է ստեղծել APPLE ընկերության iPod ապրանքանիշը։ ՏՏ ոլորտում համաշխարհային բացառիկ ներդրման համար 2017 թվականին Ֆադելն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակին։ Վերջին անգամ Հայաստանում էր՝ պարգևը ստանալու նպատակով։ Այժմ կրկին Հայաստանում է, այս անգամ՝ Starmus VI Armenia միջազգային փառատոնի շրջանակներում։ Երեկ «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» գիտաժողովին մեծանուն գյուտարարի ելույթը՝ «Տեխնոլոգիաները, որ համադրում են տիեզերքն ու երկիրը» թեմայով, մարզահամերգային համալիրի բազմահազարանոց հանդիսատեսն ունկնդրել էր մեկ շնչով։ Այսօր արդեն հեղինակավոր հյուրին ու բացառիկ օժտվածությամբ խարիզմատիկ մարդուն մեծ ակնածանքով ընդունեցին Տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները․ Ֆադելի հետ հանդիպումը յուրաքանչյուրի համար վերածվեց մեծ իրադարձության։ Ինչպես պարզ դարձավ, հայտնի գյուտարարի համար էլ Տնտեսագիտական բուհում հյուրընկալվելն է մեծ պատիվ ու շնորհ։ Խոստովանում է՝ ուսանողական տարիները, քանի դեռ ունես ազատություններ, լավագույն ժամանակաշրջանն է ինչ-որ բան սկսելու համար։

Ինքը՝ Ֆադելը, հաջողության է հասել 31 տարեկանում։ Հաջողության պատմությունը կերտել է՝ հաղթահարելով բազում դժվարություններ, որոնցից երբեք չի ընկճվել։ ԱՄՆ Միչիգանի համալսարանի բակալավրիատի նախկին շրջանավարտը հիշում է իր ուսանողության տարիները, առաջին աշխատանքը, երբ ընդամենը հասարակ դիջեյ էր ու ստիպված էր մեջքին դրած տեղափոխել ծանր սկավառակները։

Ֆադելը 10 տարի աշխատել է APPLE կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսի հետ։ Ուսանողներից մեկի հարցին՝ «Արդյո՞ք հեշտ էր Ջոբսի հետ աշխատելը», Ֆադելի պատասխանը միանշանակ չէր․ «Կան մարդիկ, որոնք առաջնորդվում են իրենց «ես»-ով, և մարդիկ էլ, որոնց առաջ է մղում իրենց առաքելությունը։ Ջոբսը վերջիններիս թվին էր պատկանում, նա անընդհատ քննադատում էր ոչ թե մարդկանց, այլ նրանց աշխատանքը»։

Հանդիպման ժամանակ iPod-ի «հայրը», ինչպես նրան անվանում են աշխարհում, նաև հայտարարեց, որ առանց ռիսկերի մեծ հաջողության հասնել անհնար է, խորհուրդ տվեց գաղափարներ գեներացնել, չհետաձգել նոր նախաձեռնությունները, օրինակ՝ մասնակցել Starmus-ին, ինչն անտարակույս կարող է ոգեշնչման աղբյուր հանդիսանալ։

«Երբ ես որևէ մեկին աշխատանքի եմ ընդունում իմ ընկերությունում, ապա առաջին հերթին հարցնում եմ, թե նա ինչ է ուզում սովորել ինձ մոտ»,- ասում է գյուտարարը և ավելացնում՝ սովորելու ձգտումը պետք է ուղեկցի մարդուն ողջ կյանքի ընթացքում։

ՀՊՏՀ այցի շրջանակներում կայացավ նաև Թոնի Ֆադելի հեղինակած Build: An Unorthodox Guide to Making Things Worth Making գրքի շնորհանդեսը, գիրք, որը ոչ սովորական ուղեցույց է արժեքներ ստեղծելու մասին։

ՀՊՏՀ-ի՝ գիտությամբ ոգեշնչված դասախոսների և ուսանողների հետ հանդիպումից ականավոր հյուրը հեռացավ տպավորված, խոստացավ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, Հայաստան գալուն պես, կայցելի նաև մեր համալսարան։

Հանդիպման մասին տեսանյութը՝ այստեղ։

Նշենք, որ ՀՊՏՀ-ն Starmus VI հեղինակավոր փառատոնի պաշտոնական գործընկերն է։

Starmus-ի խոսնակ, ևս մեկ առաջատար գիտնական Ժան-Ժակ Դորդենի այցը և դասախոսությունը ՀՊՏՀ-ում կկայանա սեպտեմբերի 9-ին։