Սթարմուսյան իրադարձություն․ Տնտեսագիտականը հյուրընկալել է ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանին և ականավոր տիեզերագետ Ժան-Ժակ Դորդենին (լուսանկարներ, տեսանյութ)

09.09.2022
Դիտումների քանակ՝ 1532

Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն, Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Դորդենի դասախոսությունն այսօր մեկ հարկի տակ էր համախմբել ՀՊՏՀ տասնյակ ուսանողների, դասախոսների, բուհի աշխատակիցների, որոնք բաց չէին թողել աստղագիտության հռչակավոր ներկայացուցչի ելույթը վայելելու հնարավորությունը։

Նախօրեին Դորդենը հանդիպել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, քննարկել տիեզերագնացության ոլորտում Հայաստանի ներդրած ջանքերը։ Իսկ ավելի վաղ նրանք հանդիպել էին 2021-ին, երբ նախագահը զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, քննարկել էին Հայաստանի կողմից տիեզերք արբանյակ արձակելու հեռանկարը, որը մեկ տարի անց իրականություն է դարձել։

Մեր երկրի առաջին արհեստական արբանյակն արդեն տիեզերքում է և ժամանակ առ ժամանակ 1-2 րոպե տևողությամբ թռչում է Հայաստանի տարածքով․ այսօր ՀՊՏՀ-ում ուրախությամբ հայտնեց ՀՀ նախագահը՝ կարևորելով Հայաստանում տիեզերական գիտության և տիեզերական կրթության զարգացման ուղղությամբ լուրջ ջանքերի ներդնումը և ինժեներական նոր մասնագիտությունների ստեղծումը։ «Համոզվա՛ծ եղեք, որ Հայաստանը ևս կարող է դառնալ աշխարհում հայտնի տիեզերական ընկերությունների ընտանիքի մասը»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ողջունեց հյուրերին և ներկաներին, արժևորեց Տնտեսագիտականի մասնակցությունը գիտության և առաջընթացի այս բացառիկ փառատոնին, բարձր գնահատեց հայտնի գիտնականների պատվավոր ներկայությունը մեր բուհում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց Starmus VI Armenia փառատոնի կազմակերպիչներին։

Դորդենի դասախոսությունը նվիրված էր տիեզերքի ապագային և դրանում երիտասարդության դերակատարությանը։ Նրա խոսքը մոտիվացնող էր՝ զարգանալ ու կատարելագործվել, չընկճվել ձախողումներից, սխալներից դասեր քաղել և գաղափարները համարձակորեն իրագործել։ Այդ համատեքստում գիտնականը մասնավորապես ասաց․ «Ներկայացումները շատ են, գործող անձինք՝ քիչ։ Դո՛ւք դարձեք ձեր ապագայի գործող անձը, ինքնե՛րդ այն կերտեք և ուսանողական տարիներն օգտագործեք որպես ներդրում՝ ապագան ավելի լավը դարձնելու համար»։

Աշխարհահռչակ ավիատիեզերագետ-ինժեների համար, ինչպես պարզ դարձավ նրա ելույթից և ուսանողների հետ հարցուպատասխանից, Հայաստան վերադառնալը, Starmus-ին մասնակցելն ու տիեզերքի հանդեպ մեծ հետաքրքրություն ցուցաբերող լսարանի առջև ելույթ ունենալը ուրախալի փաստ է։

Ժան-Ժակ Դորդենի հետ հանդիպումն ամփոփելով՝ Վահագն Խաչատուրյանը հույս հայտնեց, որ գիտնական-մարդու խոսքը՝ ուղղված երիտասարդներին, որոնք ունեն երազանքներ և դրանք իրականացնելու ազատություններ, մեծագույն հետք կթողնի նրանց տիեզերաճանաչողության վրա։ «Մեր հասարակությանը պետք են մարդիկ, որոնք երազող են, հնարավորություն ունեն իրենց երազանքներն իրականացնելու։ Ես համոզված եմ, որ այս հանդիպումից դուք անհրաժեշտ գիտելիք կքաղեք»,- ասաց նախագահը՝ չթաքցնելով իր ցանկությունը՝ ապագայում կրկին հարազատ բուհում դասախոսություններ կարդալու։

Նշենք, որ Starmus VI միջազգային փառատոնին Ժան-Ժակ Դորդենի դասախոսությունը կրել է «Ուղերձ Երկիր մոլորակի մարդկությանը՝ Երկիր մոլորակից» խորագիրը։

Հանդիպման մասին տեսանյութը՝ այստեղ։