ՀՊՏՀ-ում մեկնարկեց ուսումնական գործընթացը նաև բարձր կուրսերի ուսանողների համար

15.09.2020
Դիտումների քանակ՝ 2422

Ավագ կուրսերի ուսանողների համար այս ուսումնական տարում սեպտեմբերի 15-ը փոխարինելու եկավ սեպտեմբերի 1-ին: Այսօր մեկնարկեցին առկա բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ և առկա մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսումնական պարապմունքները:

Համալսարան վերադարձը երկար սպասված էր. այս մասին asue.am-ի հետ զրույցում ասացին մեր բոլոր ուսանող-զրուցակիցները:

Դասամիջոցներին մենք զրուցեցինք ուսանողների հետ, արձանագրեցինք տևական դադարից հետո կրկին բուհ վերադարձածների տպավորությունները:

«Փոքր-ինչ արտասովոր պայմաններում ենք՝ դիմակներով զինված, բայց կարևորը՝ մեր սիրելի համալսարանում ենք և փորձում ենք վերականգնել բնականոն ուսանողական կյանքը: Համալսարան գալու առիթով շատ ուրախ ենք, վերջապես դասերը կենդանի շունչ են ստանում: Անկեղծ լինեմ՝ առցանց դասերը չեն կարող լիարժեք փոխարինել լսարանային հանդիպումներին»,-ասաց ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Բելլա Խաչատրյանը:

«Միայն այն, որ կարողանում ես նայել դասախոսիդ, կուրսեցուդ աչքերին, արդեն բավական է, որ քեզ լիարժեք ուսանող զգաս: Միջավայրն ու իրական շփումը շատ կարևոր են կրթական գործընթացում»,-համակուրսեցուն մեծ ոգևորությամբ ու փայլուն աչքերով լրացրեց Թագուհի Հովհաննիսյանը:

Եվ այսպես, մինչ բարձր կուրսեցիները առաջին օրը կարոտն առնում են համալսարանից, 1-ին կուրսեցիներն արդեն 3-րդ շաբաթն է՝ դասի են գալիս:

Տնտեսագիտություն մասնագիտության 1-ին կուրսեցիներ Արմեն Նազարյանն ու Արևիկ Ենոքյանը ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի առաջին հարկում վերելակին էին սպասում. արդեն հարմարվել են ՀՊՏՀ «ամենաբարձրահասակ» մասնաշենքում անցուդարձ անելու «կանոններին»: Նրանք շտապեցին մեզ ներկայացնել իրենց տպավորությունները, իսկ այդ ընթացքում, վերելակը «հասցրեց» մի քանի անգամ վերուվար անել:

«Շատ կազմակերպված բուհ է, գոհ ենք ամեն ինչից: 2 շաբաթ դասի գալով՝ հասցրել եմ սովորել, թե ինչ է ուսումնասիրում տնտեսագիտությունը, ինչ պետք է անենք՝ տնտեսագետ դառնալու համար և այլն: Սկսում եմ հարմարվել ուսանողի կարգավիճակին»,-ասում է Արմենն ու ժպտացող աչքերով խոսքը փոխանցում Արևիկին:

Կուրսընկերուհին էլ հավելում է. «Այո, ամեն ինչ լավ է համալսարանում, բայց որ դիմակներ կրելն էլ պարտադիր չլիներ՝ ավելի լավ կլիներ: Դե, իհարկե, հասկանում ենք, որ պահն է այդպես հարկադրում. մի քիչ էլ կդիմանանք»:

Զանգը կրկին զրնգուն ղողանջում է, բոլորն ուղղում են դիմակներն ու շտապում լսարան...

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, բարի վերադարձ, և թող նոր մեկնարկող ուսումնական տարվա երթը անխափան լինի:

Հ.Գ. Վաղ առավոտյան ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների մուտքերի մոտ իրականացվեց ջերմաչափում: Մեր համալսարանում խստագույնս պահպանվում են հակահամաճարակային բոլոր կանոնները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին