ՀՊՏՀ-ն մենք ենք, մեր ուսանողներն ու շրջանավարտները. Աշոտ Սալնազարյան

Դիտումների քանակ՝ 4773

ՀՊՏՀ 45-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի այսօրվա հյուրը ֆինանսների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանն է: Նա պատասխանել է մեր հարցերին՝ արտացոլելով իր սերն ու նվիրումը ՀՊՏՀ-ի հանդեպ:

-Մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:

-Մարդկային կապիտալ, քանի որ ՀՊՏՀ-ն մենք ենք, մեր ուսանողներն ու մեր շրջանավարտները:

-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:

-Արդեն 25 տարի. 1995-2002 թթ.՝ համատեղությամբ, իսկ 2002 թ. առ այսօր՝ հիմնական:

-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:

-ՀՊՏՀ-ն` իր բոլոր բաղադրիչներով:

-Կհիշե՞ք` երբ եք առաջին անգամ ոտք դրել ՀՊՏՀ, միգուցե, որպես ուսանող…

-Բուհի ստեղծման առաջին օրը՝ որպես առաջին կուրսի ուսանող:

-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:

-Ես կասեի՝ ովքեր, քանի որ նրանք շատ են. ես ձգտել եմ իմ դասախոսների, իմ գործընկերների մեջ տեսնել դրականը, լավագույնը և ինչու չէ՝ կիրառել դրանք:

-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:

-Ես սկզբից եղել եմ այլ ոլորտներում՝ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտ, ՀՀ ֆինանսների նախարարություն, այնպես որ՝ գիտակրթական:

-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:

-ՀՊՏՀ-ն:

-ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:

- Բազմիցս: Ես ձգտում եմ բուհում տեսնել լավը, դրականը: Դա ինձ հաջողվում է և հպարտանալու առիթներ է տալիս:

-Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:

-Կրթօջախի, գիտահետազոտական աշխատավայրի և սոցիալական միավորի:

-Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:

-Ֆինանսական ֆակուլտետի 3-րդ հարկը՝ ամենամաքուրն ու կագապահը՝ իր խելոք ու խելացի ուսանողներով:

-ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:

- ՀՊՏՀ-ն, լինելով շրջանավարտների, ուսանողների և դասախոսների ամբողջություն, գործ ունի հազարավոր մարդկանց հետ, և շնորհիվ այդ անձանց ճնշող մեծամասնության՝ համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքն ստացվում է:

-Անքննելի է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….

- Իհարկե, սովորում է, և դա գովելի է: Ասում են՝ «Շնորհալի մարդուն տարիքը շնորհք է ավելացնում», սակայն գիտելիքը միայն տարիքի մեջ չէ, և անհրաժեշտ է միշտ սովորել, գիտելիք ձեռք բերել բոլոր աղբյուրներից:

-Ի՞նչ ասել է լինել Դասախոս:

-Լինել դասախոս, նշանակում է ունենալ գիտելիքն այլ անձանց տալու ներքին հակում, միաժամանակ կարողանալ զուգակցել պահանջկոտությունը, սկզբից՝ ինքդ քո, այնուհետև՝ ուրիշների նկատմամբ, համատեղել խստությունը բարության հետ:

-Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:

-Ի սրտե շնորհավորելով մեր բուհի հոբելյանը՝ ցանկանում եմ, որ բուհում լինի կայունություն և խաղաղություն, նորանոր նվաճումներ և ձեռքբերումներ՝ կրթական և գիտահետազոտական բնագավառներում, բուհի դիմորդների շրջանում միշտ լինի բարձր մրցակցություն:

-Շնորհակալ ենք, պարո'ն Սալնազարյան, մաղթում ենք, որ միշտ առողջ ու աշխատելու եռանդով լի լինեք: Ձեզ մաղթում ենք հաջողություններ

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին