ՀՊՏՀ ուսանողության և անձնակազմի անվտանգության հարցերը՝ «առաջնագծում»
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա շրջանակներում «Կառավարում» և «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունների 1-ին կուրսի ուսանողների մասնակցությամբ այսօր ՀՊՏՀ-ում կայացավ բաց դաս և ուսումնավարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում ուսանողների և աշխատակիցների տարհանման կազմակերպումը և անվտանգության ապահովումը» թեմայով։
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, ԱԻ և ՔՊ գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպված բաց դասի շրջանակներում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության մարտական պատրաստության և ուսուցման կազմակերպման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Կարապետ Նաղդալյանը ուսանողներին ներկայացրեց, թե ինչ գործողություններ է անհրաժեշտ ձեռնարկել արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրանց սպառնալիքի դեպքում, որից հետո ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի միջոցով ստուգվեց օդային տագնապ ազդանշանի ժամանակ ուսանողների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը։ Սիրանուշ Հարությունյանի դիտարկմամբ՝ քաղպաշտպանության խնդիրները մշտապես ամբիոնի ուշադրության առանցքում են․ «Ամեն տարի տարաբնույթ միջոցառումներով մենք զարգացնում ենք ուսանողների գործնական հմտությունները արտակարգ իրավիճակներում։ Այսօր էլ ուսանողները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին և առաջադրանքը կատարեցին գերազանց»։
Կարապետ Նաղդալյանը, ամփոփելով ուսումնավարժանքի արդյունքները, ուսանողներին և դասախոսներին շնորհակալություն հայտնեց ակտիվ ներգրավվածության համար․ «Նման միջոցառումները կարևոր են, որովհետև արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ գործելու գիտելիք և հմտություն են փոխանցում ուսանողներին, ինչը թույլ կտա համանման իրավիճակներում փրկել ոչ միայն իրենց, այլև իրենց շրջապատողների կյանքը։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համալսարանի ղեկավարությանը՝ նմանատիպ միջոցառում անցկացնելու և անձնակազմի անվտանգության հարցերը առաջնագծում պահելու համար»։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության մարտական պատրաստության և ուսուցման կազմակերպման բաժնի աշխատակիցները՝ փ/ծ գնդապետ Ա․ Ասատրյանը, փ/ծ մայոր Ս․ Մելքոնյանը, փ/ծ կապիտան Փ․ Ղազարյանը։