Հաշվետու ժամանակաշրջանը և առաջիկա ծրագրերը՝ ՀՊՏՀ գիտական խորհրդի քննարկումների և որոշումների առանցքում

01.03.2023
Դիտումների քանակ՝ 560

ՀՊՏՀ նիստերի դահլիճում երեկ՝ փետրվարի 28-ին, կայացավ գիտական խորհրդի 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առաջին նիստը, որը վարեց ՀՊՏՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Դիանա Գալոյանը։ Օրակարգի հաստատումից հետո գիտխորհրդի անդամները հաստատեցին համալսարանի գիտական խորհրդի 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը:

Ռեկտոր Դիանա Գալոյանը զեկուցեց գիտական խորհրդին կից ուսումնամեթոդական և հրատարակչական հանձնաժողովների կազմում փոփոխություններ կատարելու և առաջինում՝ որակի ապահովման բաժնի պետ, տ․գ․թ․, դոցենտ Կարեն Գրիգորյանին, երկրորդում՝ «Ամբերդ»-ի փորձագետ, տ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանին ընդգրկելու մասին հարցերը, որոնք հաստատվեցին։ Բուհի ռեկտորը նշեց, որ Սամվել Ավետիսյանը դարձել է գիտական խորհրդի անդամ, ինչի առթիվ շնորհավորեց նրան և համոզմունք հայտնեց, որ պրոֆեսորի ներգրավվածությունը կլինի արդյունավետ։

Այնուհետև գիտական խորհուրդն անցկացրեց 3 ամբիոնի վարիչների և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մրցույթները, որոնց մասին զեկուցեցին ռեկտոր Դիանա Գալոյանը և մրցութային հանձնաժողովի նախագահ, փ․գ․դ․, պրոֆեսոր, ամբիոնի պատվավոր վարիչ Արամ Սարգսյանը։ Կարգի համաձայն՝ ամբիոնի վարիչի պաշտոնների հավակնորդները հանդես եկան ռազմավարական զարգացման ծրագրերի ներկայացմամբ։ Հարց ու պատասխաններից և ելույթներից հետո գիտական խորհրդի անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրեցին տ․գ․դ․, պրոֆեսոր Լիանա Գրիգորյանին, տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչի պաշտոնում՝ տ․դ․գ․, պրոֆեսոր Ֆիրուզա Մայիլյանին, վիճակագրության ամբիոնի վարիչի պաշտոնում՝ տ․գ․թ․, դոցենտ Արմեն Քթոյանին, դոցենտի գիտական կոչումներ շնորհեցին ֆինանսական հաշվառման ամբիոնի ավագ դասախոս, տ․գ․թ․ Անուշ Գասպարյանին և կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Դիանա Մինասյանին։

ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ներկայացրեց ՀՊՏՀ ուսումնական, ուսումնամեթոդական և ուսումնաօժանդակ գրականության պլանավորման, պատրաստման և հրատարակման կարգը՝ նշելով, որ գլխավոր առաջարկը վերաբերում է «Տնտեսագետ» հրատարակչությունում տպագրվող հրատարակությունների գրախոսությունները գիտության բաժնի միջոցով կազմակերպելուն և ընդգծեց, որ դա կնպաստի հրատարակությունների որակի բարձրացմանը։ Պրոռեկտորը ներկայացրեց նաև ասպիրանտուրայի ընդունելության և ուսումնառության, հայցորդության ձևակերպման կարգը՝ նշելով, որ նախկինում գործընթացը կարգավորվել է մեթոդական ցուցումներով, և նոր կարգի անհրաժեշտություն կար, ապա զեկուցեց «Տնտեսագետ» հրատարակչությունում հրատարակությունների իրականացման աշխատակարգում լրացում կատարելու մասին հարցը՝ պարզաբանելով, որ պարտադիր առաքման ենթակա հրատարակությունները կուղարկվեն նաև ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջ։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը ներկայացրեց կենտրոնի 2022 թ․ գործունեության հաշվետվությունը, 2023 թ․ ծրագիրը, ներքին և արտաքին շահառուներին 2023 թ. առաջարկված հետազոտական ուղղությունների և նրանց կողմից ամրագրված հետազոտական թեմաների ցանկը։ Գիտական խորհուրդը բավարար գնահատեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 2022 թ․ գործունեության հաշվետվությունը, հաստատեց 2023 թ․ ծրագիրը և հետազոտական թեմաների ցանկը:

ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը զեկուցեց 3 ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնելու մասին հարցերը, որոնք հաստատվեցին։ Այնուհետև գիտական խորհուրդը հաստատեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ, ինչպես նաև հրատարակության երաշխավորեց լեզուների ամբիոնի դասախոս, բ․գ․թ․ Լիլիթ Հակոբյանի «Իսկ դու գիտե՞ս, որ քո խոսքը քո այցեքարտն է...» ուսումնական ձեռնարկ-ուղեցույցը, ինչպես նաև նույն ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Աննա Ղարսլյանի «Տնտեսագիտական բառապաշարի դասավանդումը լեզվաբանական մեթոդաբանությամբ» դասախոսությունները։