«Ուսանողական գարուն – 2018». մարզական առաջնությունները ավարտին են մոտենում (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1139

Ինչպես տեղեկացրել էինք, մայիսի 21-ին, հրաձգության առաջնությամբ մեր համալսարանում ազդարարվել էր «Ուսանողական գարուն–2018» մարզամշակութային փառատոնի մեկնարկը:
Մրցութային երկրորդ օրը՝ մայիսի 22-ին, կայացավ սեղանի թենիսի առաջնությունը, որին յուրաքանչյուր ֆակուլտետից մասնակցում էին մեկական աղջիկ և երեքական տղա մարզիկներ: 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց ֆինանսական ֆակուլտետը ներկայացնող թիմը, 2-րդը` տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, իսկ լավագույնի կոչմանը` հաղթական գավաթին, արժանացավ կառավարման ֆակուլտետը: Նույն օրը ընթանում էր նաև վոլեյբոլի առաջնությունը:
Մայիսի 23-ին՝ երրորդ մրցութային օրվա ընթացքում, շարունակվեց վոլեյբոլի առաջնությունը և սկսվեց շախմատի մրցաշարը: Վերջինիս արդյունքներով 3-րդը հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետն էր, 2-րդը՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, հաղթողը՝ կառավարման:
Վոլեյբոլի առաջնությունում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. աղջիկների վոլեյբոլի առաջնության բրոնզե մեդալը բաժին հասավ ֆինանսական ֆակուլտետի թիմին, 2-րդում կառավարումն էր, իսկ հաղթող դարձավ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը:
Տղաների առաջնության արդյունքներով հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, 2-րդը կառավարում ֆակուլտետն էր, իսկ 1-ինը՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների:
Բազկամարտի արդյունքները հայտնի կդառնան այսօր, իսկ վաղը՝ մայիսի 30-ին, ժամը 14.30-ին կկայանա փառատոնը եզրափակող մշակութային գալահամերգը, որի երգի ու պարի մրցույթների և մարզական առաջնությունների միագումարում հայտնի կդառնա «Ուսանողական գարուն – 2018» փառատոնի հաղթող ֆակուլտետը:
Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ ուսանողական խորհրդից, այս պահի դրությամբ մարզական առաջնությունների միավորները, ըստ ֆակուլտետների, բաշխված են հետևյալ կերպ՝ կառավարում՝ 15, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների՝ 9, հաշվապահական հաշվառման և աուդիտի՝ 9, ֆինանսական՝ 2, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման՝ 1:
Հիշեցնենք՝ հրաձգության մրցումներում 3-րդ հորիզոնականը զբաղեցրել էին մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, 2-րդը կառավարման, 1-ինը՝ հաշվապահական հաշվառման և աուդիտ ֆակուլտետների թիմերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին