Զեղչվել է 774 ուսանողի ուսման վարձ. նրանց թվում են նաև մարտական հերթապահություն իրականացրածները

Դիտումների քանակ՝ 3973

ՀՊՏՀ մանդատային հանձնաժողովում քննարկվել և ռեկտորատում հաստատվել է ուսանողների՝ ուսման վարձի փոխհատուցմանն արժանացած ուսանողների ցանկը:
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ ուսումնական բաժնից, 2017-2018 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի առաջադիմության հիման վրա ուսանողական նպաստների ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) իրավունք է տրվել համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերի բարձր առաջադիմություն ունեցող 774 ուսանողի:
Առկա և հեռակա բակալավրիատում ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունք է տրամադրվել 77 և ավելի ՄՈԳ ունեցող 526, իսկ մագիստրատուրայում՝ 85 և ավելի ՄՈԳ ունեցող 82 ուսանողների: Նշենք, որ դիտարկվել է ավելի քան 1010 դիմում՝ ստուգելով փաստաթղթերի համապատասխանությունը ՀՊՏՀ գիտական խորհրդի կողմից 2016թ. հունիսի 22-ին հաստատած «ՀՊՏՀ-ում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի դրույթներին:
Համալսարանը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին իր միջոցների հաշվին իրականացնում է ուսման վարձի փոխհատուցում, սակայն, այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ռեկտորատի որոշմամբ, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած 50-76.9 ՄՈԳ ունեցող ուսանողներին ևս տրամադրվել է 30 տոկոս ուսման վարձի զեղչ՝ եկամտային հարկի պահումով:
Հավելենք, որ 2017-2018 ուս.տարվա 2-րդ կիսամյակում ևս 50 տոկոսի չափով զեղչվել է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 105 ուսանողի ուսման վարձ՝ անկախ 2017-2018 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում ցուցաբերած առաջադիմությունից:
Ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունք ստացած ուսանողների ցուցակները փակցված կլինեն յուրաքանչյուր ֆակուլտետի դեկանատի հայտարարությունների ցուցատախտակին ս.թ. մայիսի 11-ին:
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել համալսարանի ուսումնական բաժին (edu@asue.am, հեռ.՝ +37410593477) կամ համապատասխան ֆակուլտետի դեկանատ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին