«Էրազմուս+» ծրագրով Ռումինիայից և Բուլղարիայից ՀՊՏՀ-ում սովորող ուսանողները տպավորված են Հայաստանից և մեր բուհից

Դիտումների քանակ՝ 1951

2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում մեր համալսարանը «Էրազմուս+» ծրագրի գործընկեր բուհերից հյուրընկալել է 2 ուսանողի. այժմ ՀՊՏՀ-ում սովորում են Վառնայի տնտեսագիտական համալսարանի (Բուլղարիա) 3-րդ կուրսեցի Լիլի Մարտիրոսյանը և Սուչավայի Ստեֆան չել Մարեի (Ռումինիա) անվան համալսարանի 2-րդ կուրսեցի Անդրեյ Կասապը: Փետրվարի 11-ից նրանք ուսումնառում են միջազգային ուսանողների համար նախատեսված հատուկ (մոդուլային) ծրագրով:

Նրանց մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասացին ՀՊՏՀ-ում «Էրազմուս+» ծրագրի համակարգող արտաքին կապերի բաժնի մեր գործընկերները: Ուսումնառության ավարտին առիթ ունեցանք հանդիպել Էրազմուսականների հետ, զրուցել, գրի առել նրանց տպավորությունները համալսարանից և Հայաստանից:

Բուլղարիայում ապրող Լիլին հայ է և ինչպես ինքն է ասում՝ եկել է ոչ միայն սովորելու, այլև հայրենիքն ավելի լավ ճանաչելու:

«Ես այստեղ հարազատներ ունեմ, եղել էի Հայաստանում, բայց «Էրազմուս+»-ի շրջանակում ուսումնառությունն ինձ համար բացառիկ հնարավորություն էր իմ ժողովրդի հետ շփվելու, նոր ընկերներ ձեռք բերելու, իմ մշակույթն ու պատմությունն անմիջականորեն ուսումնասիրելու: Համալսարանական առօրյան էլ այստեղ հետաքրքիր ու հագեցած է, շնորհակալ ենք մեզ դասավանդող դասախոսներին»,-ասաց Լիլին:

Անդրեյի համար ևս այս ուսումնաշրջանը ճանաչողական էր: Առաջին անգամ Հայաստանը տեսած օտարերկրացի ուսանողը վառ տպավորություններ ունի մեր երկրից:

«Ամենաշատն ինձ դուր է գալիս հայ ժողովրդի ֆանտաստիկ հյուրընկալությունն ու ջերմությունը: Հայաստանը հիանալի է իր ժողովրդով: ՀՊՏՀ-ում մենք հարստացրել ենք մեր գիտելիքներն ու հմտությունները, հաղորդակցվել նոր կրթական մշակույթի»:

Կիսամյակը մոտենում է եզրագծին, Լիլին ու Անդրեյը ամփոփում են ստացած գիտելիքներն ու շուտով մեկնելու են Հայաստանից: Հարցին՝ կրկին կսովորեի՞ք ՀՊՏՀ-ում, եթե հնարավորություն ունենայիք՝ ուսանողները խանդավառ պատասխանեցին՝ անկասկած:

Մեր միջազգային ուսանողներին մաղթում ենք բարի երթ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին