Մասնակցություն միջազգային դասընթացին․ ՀՊՏՀ ուսանողները վերադարձել են Քոբուլեթից
Մայիսի 2-11-ը Քոբուլեթում (Վրաստան) կայացած «Հավասարություն բոլորի համար» խորագրով միջազգային դասընթացին, ՀՊՏՀ-ի և «Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի համագործակցության շրջանակում, ՀՊՏՀ-ն ներկայացրել են «Շուկայագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Մինասյանը, նույն մասնագիտության 1-ին կուրսեցի Մերի Հովհաննիսյանը, 3-րդ կուրսեցիներ Արփի Հայրումյանն ու Դիանա Խլղաթյանը, «Կառավարում» մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտներ Սաթինե Դավթյանն ու Ժակլին Ղազարյանը։
Մեր պատվիրակներն ակտիվ մասնակցություն են ունեցել թեմատիկ դասընթացներին, թիմային աշխատանքներին, հաղորդակցվել և բարեկամական կապեր հաստատել Ռումինիայից, Հունաստանից, Իտալիայից և Նիդեռլանդներից ժամանած հասակակիցների հետ, փոխանակել գաղափարներ ու փորձ։ Երիտասարդներին շաբաթը նաև միջմշակութային ջերմ երեկոներ է պարգևել, որոնց ժամանակ ներկայացվել են Հայաստանը, հայկական ազգային ավանդույթները, ուտեստները, երգն ու պարը։
Ուղևորության ընթացքում մասնակիցները շրջագայել են Քոբուլեթ և Բաթում քաղաքներով, եղել Երաժշտական զբոսայգում և Բուսաբանական այգում, համտեսել վրացական ազգային ուտեստներ, վերադարձել վառ ու անմոռաց տպավորություններով։
Հիշեցնենք՝ ծրագիրն իրականացվում է «Էրազմուս +»-ի ֆինանսավորմամբ։