Ուսանողներին ներկայացվեց ՀՊՏՀ 2018-2023 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը. բանախոսն էր Արմեն Գրիգորյանը

Դիտումների քանակ՝ 2290

Այսօր միջազգային ծրագրերի կենտրոնում, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ուսանողների հյուրն էր «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, ՀՊՏՀ 2018-2023 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքային խմբի անդամ Արմեն Գրիգորյանը: Հանդիպման նպատակը ՀՊՏՀ 2018-2023 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի՝ ուսանողների համար կարևոր դրույթների պարզաբանումն էր, մեկնաբանումը, ինչպես նաև նրանց հետաքրքրող հարցերին, կարծիքներին ու առաջարկություններին ականջալուր լինելը: Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանի, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, վարչական ստորաբաժանումների ղեկավարների, պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմերի և ուսանողների մասնակցությամբ կայացավ նախագծի ընդլայնված քննարկում, որից հետո որոշվեց մինչև ընթացիկ ամսվա ավարտը ներկայացնել առաջարկություններ:
ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը ձևակերպեց այսօրվա հանդիպման նպատակը և նշեց, որ Արմեն Գրիգորյանը, որպես աշխատանքային խմբի անդամ, համապարփակ ու միաժամանակ անհրաժեշտ շեշտադրումներով կներկայացնի ռազմավարական ծրագրի նախագիծը: Նա նշեց, որ քննարկումն ուսանողների հետ հրատապ ու կարևոր է այն առումով, որ շատ ուսանողներ չեն գիտակցում կրթության բարելավման նշանակությունը:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ ռազմավարական նոր ծրագիրը մշակվել է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի, տնտեսագիտության, գործարարության և վարչարարության մասնագիտությունների կրթական ծրագրերին ներկայացվող պահանջարկի միտումների, աշխատաշուկայի միտումների համալիր վերլուծության և ՀՊՏՀ ներքին ու արտաքին շահառուների մի շարք հարցումների արդյունքների ուսումնասիրության հիման վրա: Բանախոսը շեշտադրեց, որ նոր ռազմավարությունը որակապես այլ բուհ դառնալու նպատակ է հետապնդում և խարսխված է կրթության որակի էական բարձրացման, կրթական ծրագրերում կիրառական բաղադրիչի տեսակարար կշռի ավելացման, հետազոտությունների բնագավառում տեսանելի առաջընթացի արձանագրման, ինչպես նաև բուհի գործունեության դիվերսիֆիկացման սկզբունքների վրա: Իսկ հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է դիպլոմավորված գործազուրկների թվի կրճատումը, քանի որ կրթական ծրագիրն ավարտած սակայն աշխատաշուկայում իրեն լիարժեք չիրացրած շրջանավարտի դժգոհության թիրախ ի վերջո դառնում է համալսարանը:
Նա նշեց, որ օրեր առաջ ընդլայնված քննարկմանը շատերը ռազմավարության առանցքային խնդիրը հանգեցրին միայն դասախոսների կրճատումներին կամ տարիքային շեմին առնչվող խնդիրների առաջադրմանը, մինչդեռ, իրականում այն ընդգրկում է համալսարանի գործունեության բոլոր ուղղությունները և դրանում առանցքային են կրթության որակը, կրթական ծրագրում կիրառական և հետազոտական բաղադրիչների էապես բարձրացումը, կրթական ծրագրերի որակով մատուցման և թվային տիրույթում սպասարկման համար կոմպետենտ դասավանդողների բազայի ձևավորումը, բուհի միջազգային տեսանելիության զգալի բարձրացումը, արտերկրի և հայաստանյան համալսարանների հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև համալսարանի գործունեության արդյունավետությունն ընդհանրապես:
Դիմելով ուսանողներին՝ Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ միայն գիտելիքով է հնարավոր ապահովել անձնական առաջընթացը, որ ուսանողը, լինելով կրթության շահառուն ու պահանջատերը, պետք է գործուն լինի ու մասնակիցը դառնա բարեփոխումների: «Լավագույն ռազմավարությունը կյանքի չի կոչվի, եթե կատարողները չհավատան դրա իրագործմանը»,- ասաց բանախոսը:
Նա տեղեկացրեց, որ նոր ռազմավարությունը նախատեսում է հստակ կառուցակարգեր ու չափանիշներ, որոնք հնարավորություն կընձեռեն ձևավորել բանիմաց դասախոսական կազմ, մշակված են նաև կառուցակարգեր, որոնք հնարավորություն կընձեռեն արդյունավետորեն կազմակերպել կամընտրական դասընթացների, իսկ հետագայում նաև դասախոսների ընտրությունը: Ըստ բանախոսի կներդրվեն նաև նոր սկզբունքներ, որոնք հնարավորություն կընձեռեն, որպեսզի նախ գիտելիքի ստուգումը ածանցված կլինի դասավանդման մեթոդից, բացի այդ լինի ընկալելի և վստահություն ներշնչի: Նախատեսվում է նաև ամբողջությամբ վերանայել կրթական ծրագրերը՝ խուսափելու համար դասընթացների անհարկի կրկնություններից: Խոսվեց նաև կրթական գործընթացի կազմակերպական և վերահսկողական գործընթացներում ուսանողների ներգարվվածության մասին, առանձնակի ընդգծվեց, որ գիտելիքի արժևորում պետք է լինի, որ ուսանողը պետք է դառնա, այսպես ասած, «գիտելիքի աղանդի» քարոզիչը՝ հանրայնացնելով սեփական լավ օրինակը և ձեռքբերումները:
Այս և բազմաթիվ այլ շեշտադրումներից հետո Արմեն Գրիգորյանը պատասխանեց ուսանողների հարցերին: Նրանք մասնավորապես հետաքրքրվում էին. ի՞նչ կառուցակարգերով են առաջնորդվելու առարկայական ծրագրերի համեմատականները անցկացնելիս կամ առարկաները ընտրելիս, ի՞նչ փոփոխություններ են կատարվելու փորձառության կազմակերպման հիմնախնդրում, արդյո՞ք ուսանողը իր հասարակական գիտակցության (այն դեպքում, երբ ուսանող է դառնում քննական նվազագույն միավորի շեմը հաղթահարելով) աստիճանով պատրաստ է կամընտրության համակարգին և այլն:
Արմեն Գրիգորյանն իր ունկնդիրներին հավաստիացրեց, որ մեր համալսարանն ունի որակյալ կրթություն ապահովելու ներուժ, որը առավել արդյունավետ գործի կդրվի անհրաժեշտ բարեփոխումների արդյունքում:
Նշենք, որ ՀՊՏՀ 2018-2023 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը հրապարակված է ՀՊՏՀ պաշտոնական կայքում, որին ծանոթանալու համար առաջարկում ենք այցելել այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին