Պատերազմի մասնակից ուսանողները՝ այդ թվում ՀՊՏՀ-ից, լրացուցիչ անվճար դասընթացների են մասնակցում
“Education centre” ուսումնական կենտրոնի և «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ պատերազմի մասնակից ուսանողների համար իրականացվում են կարճաժամկետ անվճար դասընթացներ: Նախաձեռնության շահառուներից են նաև ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ:
asue.am-ի հետ զրույցում նշված ուսումնական կենտրոնի ղեկավար Ռուզաննա Ալեքսանյանն ասաց, որ սա պատերազմի մասնակից երիտասարդերին երախտագիտություն հայտնելու և նրանց հետպատերազմյան հոգեբանական վիճակը մեղմելու յուրահատուկ ձև է, և ուրախալի է, որ տղաները խանդավառությամբ են հաճախում դասերին:
«Մեր կենտրոնն իրականացնում է տարբեր դասընթացներ` ծրագրավորման լեզուներ, օտար լեզուներ, հաշվապահական դասընթացներ և այլն: Պատերազմի մասնակիցներն իրենք կարող են ընտրել` ինչ դասընթացի են ցանկանում մասնակցել: Պետք է նշել, որ հայաստանյան բուհերից ամենաշատը ՀՊՏՀ հերոս ուսանողներն են մասնակցում այս դասընթացին. մեր նախաձեռնությունը լավ է ներկայացվել ուսանողների շրջանում, ինչն էլ ապահովել է ՀՊՏՀ-ականների ակտիվ ներգրավվածությունը, շնորհակալություն բուհի աշխատակազմին: Շատ ուսանողներ ունենք հատկապես հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետից»,-նշեց Ռուզաննա Ալեքսանյանը:
ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը դրվատանքի արժանի է համարում “Education centre”-ի նախաձեռնությունը, որը նպատակ ունի խրախուսել պատերազմի մասնակից հերոսներին:
«Մեր տղաները կենտրոնում ստանում են լրացուցիչ գիտելիքներ` խորապես ուսումնասիրելով, օրինակ, օտար լեզուներ, ծրագրավորման լեզուներ: Պատերազմի մասնակիցներին հատուկ ուշադրության արժանացնելը միշտ էլ ցանկալի է»,- մեզ հետ զրույցում ասաց դեկանը:
Նույն ֆակուլտետի մագիստրանտ Սերգեյ Չոբանյանը արդեն մի քանի օր է` հաճախում է MS Office դասընթացին: Նրա խոսքով` դասերը և’ արդյունավետ են, և’ մոտիվացնող: «Գրաֆիկը բավականին ճկուն է, ինչն օգնում է մեզ տնօրինել ժամանակը, դասընթացները լիովին պրակտիկ բնույթի են»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին