Դասախոսություն EUCON նախագծի շրջանակում
ԵՄ «Էրազմուս+» ծրագրի «Ժան Մոնե Նեթվորք» գործողության 2020թ. հաղթած նախագծերից EUCON (ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն) նախագծի շրջանակում միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության մագիստրանտերի համար «ՀՀ-ԵՄ հարաբերություններ» թեմայով այսօր դասախոսեց ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի կցորդ Վահան Զաքարյանը:
Ներածական խոսքում բանախոսը ներկայացրեց Եվրամիության պատմությունը և ինստիտուցիոնալ կառուցվածքը, ապա անդրադարձավ ՀՀ-ԵՄ հարաբերությունների բոլոր ուղղություններին, մասնավորապես՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
Վահան Զաքարյանը խոսեց բոլոր այն ձեռքբերումների մասին, որոնք Հայաստանն ունեցել է Եվրամիության հետ համագործակցության արդյունքում և դասախոսության ավարտին պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք ընդգրկում էին լայն շրջանակ՝ կրթության հիմնախնդիրներից մինչև վիզաների ազատականացման և կորոնավիրուսի պատվաստանյութի ընտրության հարցեր:
Միջոցառմանը մասնակցում էին միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը, աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Տաթևիկ Վարդանյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտներ՝ տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանը և Սուսաննա Աղաջանյանը: Վերջիններս ՄՏՀ մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսում դասավանդում են «ԵՄ, ԵԱՏՄ և ՀՀ ընտրությունը» առարկան և ներգրավված են վերոնշյալ նախագծում:
Հիշեցնենք՝ նախագծի համակարգողը Վիեննայի Կիրառական գիտությունների համալսարանն է (UAS-BFI):
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին