Ուսանողների շահերը և իրավունքները առաջնային են. ՀՊՏՀ ռեկտոր

Դիտումների քանակ՝ 1326

«Մեր ուսանողների շահերը և իրավունքներն առաջնային են, և ես խիստ հանձնարարական եմ տվել, որ բոլոր նման դեպքերում խնդիրները լուծվեն հօգուտ ուսանողների»,- այսօր կայացած ՀՊՏՀ ռեկտորատի նիստում հայտարարեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ անդրադառնալով օրակարգում ընդգրկված «Բարձրագույն մաթեմատիկա» և «Իրավագիտություն» առարկաների բողոքարկման արդյունքների քննարկմանը:
Քննաշրջանի ընթացքում երկու առարկաների գծով մի խումբ ուսանողների կողմից եղել է բողոքարկում, որից հետո գործընթացի պատասխանատուները՝ պրոռեկտորներ, դեկաններ, երկու ամբիոնների վարիչները, ինչպես նաև առարկաների դասախոսները հանդիպել են ուսանողներին, քննարկել խնդիրը: Ոորոշ բողոքարկումների մասով բացատրվել է, որ դրանք հիմնավոր չեն, իսկ հիմնավոր բողոքարկումների դեպքում խնդիրը լուծվել է հօգուտ ուսանողների: Նիստին ներկա էին «ՀՊՏՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամներ, ուսանողներ. վերջիններս հավաստեցին, որ խնդիրը լուծվել է, իրենք բավարարված են: Թեպետ խնդիրը լուծվել էր, սակայն հարցը տեղափոխվել էր ռեկտորատ, որպեսզի, ինչպես պարզաբանվեց, խնդրին տրվի պատշաճ արձագանք:
Հիշեցնենք նաև, որ ՀՊՏՀ ռեկտորատը մայիսի 4-ին համալսարանի ռեկտորի առաջարկով քննարկել էր «Ուսանողների՝ ուսումնական պարապմունքներից բացակայությունների մասին» հարցը և որոշել ուսանողների բացակայությունները ապրիլի 16-ից մայիսի 2-ը ներառյալ հաշվի չառնել:
Քննարկվեց նաև օրակարգում առկա մեկ կարգապահական հարց, այնուհետև անդրադարձ արվեց ընթացիկ հարցերի, որոնց շարքում հիմնականում ներկայացվեցին ուսանողների դիմումներն ուղղված համալսարանի ռեկտորին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին