ՀՊՏՀ դասախոսը Յուրայ Դոբրիլայի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ
ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դասախոս, տ.գ.թ., «Սոցիալական հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Կարինե Հարությունյանը սույն թվականի հունիսի 4-8-ը այցելել է Խորվաթիայի Հանրապետության Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարան:
Այցն իրականացվել է «Էրազմուս+»-ի՝ դասախոսների փոխանակման ծրագրի շրջանակներում, որը, հիշեցնենք, մեր համալսարանում համակարգում է արտաքին կապերի բաժինը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին Կարինե Հարությունյանը ներկայացրեց այցի մանրամասները՝ նշելով, որ ինքը «Եկամուտների անհավասարություն. գնահատման և տրոհման մեթոդներ» թեմայով դասախոսություն է ներկայացրել մագիստրատուրայի ուսանողներին: Նրա խոսքով՝ ուսանողներին հատկապես հետաքրքրել է Հայաստանի և Խորվաթիայի անհավասարության ցուցանիշների մասին իր պատրաստած համեմատական վերլուծությունը:
«Ուսանողները չնայած որոշակիորեն ծանոթ էին անհավասարության գնահատման հայտնի մոտեցումների և մեթոդների, սակայն մի շարք ցուցանիշներ, մասնավորապես, ինչպիսիք են Թեյլի ինդեքսները, Աթկինսոնի ինդեքսները, Ջինի և Լորենցի ընդհանրացված մոտեցումները, և վերջիններիս կառուցվածքային տրոհման մեթոդները, նրանց համար ամբողջովին նոր էր:
Մեթոդների կիրարկումը հասկանալի դարձնելու նպատակով, հիմք ընդունելով ՀՀ ԱՎԾ և Խորվաթիայի վիճակագրական բյուրոյի տվյալների բազաները, նախապես իրականացվել էր և ուսանողներին ներկայացվեց նաև Հայաստանի և Խորվաթիայի եկամուտների բաշխման և անհավասարության մակարդակների համեմատական վերլուծություն»,- մանրամասնեց Կարինե Հարությունյանը:
ՀՊՏՀ գիտնականի խոսքով՝ Յուրայ Դոբրիլայի համալսարանի աշխատակիցները քաղաքից դուրս միջոցառում են կազմակերպել՝ այլ երկրներից (Սլովենիայից, Լեհաստանից) իրենց համալսարանում հյուրընկալված աշխատակիցների համար՝ նպատակ ունենալով սերտացնելու գործընկերների կապերը, ինչպես նաև ծանոթացնելու իրենց մշակույթին:
Այցը առիթ է դարձել հետագա համագործակցության շուրջ պայմանավորվածությունների: Խորվաթական համալսարանի տնտեսագիտության և տուրիզմի ֆակուլտետի փոխդեկան, պրոֆեսոր Դին Սինկևիչը իրականացնում է ֆինանսական ընկալման գործիքների ուսումնասիրություն և հետագայում՝ հետազոտության շրջանակը ընդլայնելու և Հայաստանին ներառելու պարագայում խոստացել է դիմել Հայաստանի գործընկերոջը: «Ես առաջարկեցի մեր կողմից թարգմանել և տեղայնացնել իրենց հետազոտության գործիքները, իրականացնել հետազոտության դաշտային ծրագիրը»,- ասաց ՀՊՏՀ դասախոսը: Բացի այդ, հաջորդ տարեվերջին Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանի ղեկավարությունը նախատեսում է միջազգային կոնֆերանս կազմակերպել և հրավիրել իրենց համալսարանի հետ համագործակցող արտերկրի գործընկերներին:
Վերջում Կարինե Հարությունյանը հավելեց, որ խորվաթական համալսարանում բարձր են գնահատել ՀՊՏՀ հետ համագործակցությունը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին