Հաջողության պատմություններ, որ կերտվում են «Դը Գուրուս»-ում
Հաջողության ճանապարհը
«Դը Գուրուս» ընկերությունը, չնայած երիտասարդ տարիքին, ծրագրավորման ոլորտում հաջող գործունեության մեծ փորձ ունի։ Հիմնադրվելով 2019 թվականին և իր թիմում ներառելով հայաստանյան ամենափորձառու SAS ծրագրավորողներին՝ ընկերությունը կենսատեխնոլոգիական ոլորտի ծառայություններ է մատուցում միջազգային ամենահայտնի դեղագործական կազմակերպություններին։ «Դը Գուրուս»-ն այսօր ամենամեծ և փորձառու SAS ծրագրավորողների խումբ ունեցող հայկական կազմակերպությունն է։ 2021 թվականի հոկտեմբերին բացելով իր առաջին մասնաճյուղը Վանաձոր քաղաքում՝ 2022-ին նպատակ ունի բացել մասնաճյուղեր նաև Հայաստանի այլ մարզերում՝ ստեղծելով աշխատատեղեր նաև մարզաբնակ երիտասարդների համար։ Զգալի հաջողությամբ կենտրոնը SAS ծրագրավորման ոլորտում անցկացրել է 16 դասընթաց, որից 4-ը՝ մարզերում, իսկ 12-ը՝ Երևան քաղաքում՝ շուրջ 900 մասնակցի հնարավորություն տալով ձեռք բերելու պահանջված մասնագիտություն։ Ընկերությունը ավելի քան 40 մասնակից ընդգրկել է իր թիմում՝ ապահովելով բարձր վարձատրվող և հեռանկարային աշխատանքով։
Հաջողությունները պարտավորեցնում են
Եռանդուն և առաջադեմ երիտասարդների կողմից ստեղծված ընկերությունն իր գործունեության ընթացքում արդեն վաստակել է անհրաժեշտ վստահությունն ու հարգանքը։ Այդ ամենը՝ քրտնաջան աշխատանքի և սեփական ուժերով արդյունքի հասնելու պատրաստակամության շնորհիվ։ Բացի կենսատեխնոլոգիական ոլորտից, ընկերությունը նպատակ ունի Հայաստանում զարգացնելու SAS ծրագրավորումը նաև բանկային, հեռահաղորդակցության և կառավարման ոլորտներում։ Ընկերության SAS ծրագրավորման բաժնի երիտասարդ ղեկավար Վահե Մարտիրոսյանը համոզված է՝ հաջողություններն առավել քան պարտավորեցնող են։
Կրթություն-Մասնավոր հատված
ՀՊՏՀ-ի հետ «Դը Գուրուս»-ն արդեն բազմաթիվ համատեղ նախագծեր է իրականացրել։ SAS ծրագրավորման դասընթացներին Տնտեսագիտական համալսարանից ավելի քան 150 ուսանող է մասնակցել, նրանցից ինն այսօր աշխատում է ընկերությունում։ Վահե Մարտիրոսյանը համոզված է՝ մասնավոր հատվածը պետք է օգնի համալսարանին՝ ուսումնառության ընթացքում ուսանողների ձեռք բերած գիտելիքները ռեալիզացնելու հարցում։ «Քանի որ ՀՊՏՀ-ն ունի վիճակագրության ֆակուլտետ, իսկ մեր հիմնական գործառույթը վիճակագրությունն է, սկսեցինք հենց Տնտեսագիտական համալսարանից։ Իհարկե, այստեղ դեր խաղաց նաև այն հանգամանքը, որ ինքս ՀՊՏՀ շրջանավարտ եմ, այսինքն՝ փորձեցինք սկսել այնտեղից, որտեղ ստացել ենք մեր կրթությունը»,- անկեղծանում է Վահեն, ապա հավելում՝ ընկերության հիմնական նպատակը աշխատատեղեր ստեղծելն է. «Այս պահին գրեթե 200 թափուր աշխատատեղ ունենք և չունենք մասնագետներ։ Կան ուսանողներ, որոնք փայլուն մաթեմատիկական ու վիճակագրական գիտելիքներ ունեն, բայց կաշկանդված են, որովհետև անգլերենին չեն տիրապետում: Լուծում ենք նաև այդ խնդիրը. եթե մարդն ուզում է սովորել, աշխատել, մենք նրան տալիս ենք այդ հնարավորությունը»։
«Դը Գուրուս»-ի հիմնական դասընթացներն անցնում են ՀՊՏՀ-ի կողմից տրամադրված դահլիճում։ «Իրականում դա շատ մեծ քայլ է համալսարանի ղեկավարության կողմից. մինչ այսօր չի եղել որևէ հարց, որ համալսարանը մեզ արագ չարձագանքի, չընդառաջի։ Բոլոր խնդիրները մենք համատեղ ենք լուծում։ Չմոռանանք, որ ցանկացած բուհի գերխնդիրը մարդկանց կրթություն տալն է, բիզնեսի նպատակը՝ այդ կրթությունը ռեալիզացնելը՝ լավ աշխատանքով ապահովելը»,- ասում է Վահեն։
Մերոնք՝ «Դը Գուրուս»-ում
Տաճատ Պապոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրանտ է։ Ունի կիրառական վիճակագրի և տվյալագետի մասնագիտություն, նաև՝ Կարմիր դիպլոմ։ Ծրագրավորման նկատմամբ հետաքրքրություն Տաճատը միշտ է ունեցել. 2019 թվականի սկզբին, երբ սովորում էր բակալավրիատում, արդեն գիտեր «Դը Գուրուս» ընկերության մասին, սովորելուն զուգահեռ աշխատանքի անցավ այնտեղ: «Միշտ պետք է հստակ պատկերացնել այն ճանապարհը, որով պատրաստվում ես առաջ շարժվել, իսկ նպատակին հասնելու թիվ մեկ պայմանը ցանկությունն է. երբ կա մեծ ցանկություն, բոլոր արտաքին գործոնները դադարում են խոչընդոտ լինել»,- ասում է Տաճատը։
Աշխատանքում նա մի սկզբունք ունի՝ անել ավելին, քան կարող է, կատարելագործվել՝ աշխատելով, իսկ գիտելիքով վաստակած աշխատանքից առավել քան գոհ է։ Բայց եղածով բավարարվել չի պատրաստվում. մտադիր է ուսումը շարունակել ասպիրանտուրայում, պաշտպանել թեկնածուական ատենախոություն, արժանանալ գիտական կոչման։
Սուսաննա Մկրտչյանը ևս ՀՊՏՀ մագիստրանտ է և մեկը այն տասնյակ ուսանողներից, որոնք մասնակցել են «Դը Գուրուս» ընկերության կազմակերպած SAS ծրագրավորման անվճար դասընթացներին, ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ և դարձել ընկերության ոչ մեծ, բայց զարգացող ընտանիքի անդամ։ «Երբ ասում են «Դը Գուրուս», դրական էմոցիաներն ապահովված են։ Պաշտում եմ «գուրուսյան» միջավայրը. այստեղ անհնար է չզարգանալ, չսովորել։ Սա մի մեծ ընտանիք է, որտեղ բոլորն օգնում են իրար, բարեհաճ են ու պատրաստակամ»,- խոստովանում է Սուսաննան։ Նրա խոսքով՝ Գուրուսը իր մեջ այն զգացողությունն է ամրապնդել, որ հաստատապես ապրելու և աշխատելու է Հայաստանում։ Խորհուրդը հասակակիցներին՝ որ ոչնչից չվախենան, պատրաստ լինեն համարձակ քայլերի և փոխեն իրենց կյանքը։
Նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ ու կամքի ուժով ընկերներին չի զիջում նաև ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի շրջանավարտ Նարեկ Հովհաննիսյանը։ Նարեկի հաջողության պատմությունը ՀՊՏՀ-ի կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառից է սկիզբ առնում։ Ծրագրավորմամբ հետաքրքրված երիտասարդին միանգամից գրավեց «Դը Գուրուս»-ի տաղավարն ու անմիջապես գրանցվեց առաջարկվող դասընթացին։ Նարեկը համոզված է՝ յուրաքանչյուրն ինքն է իր հաջողության արարիչը. «Արդեն երկրորդ կուրսից փորձեցի գտնել այն, ինչն ինձ ավելի հոգեհարազատ է, որտեղ ինձ պատկերացնում էի հետագայում և սկսեցի ծրագրավորմամբ հետաքրքրվել։ Սա գրավիչ ոլորտ է, որը համառ ու անդադրում աշխատանք է պահանջում։ Ամենակարևորը այդ աշխատանքը սիրով անելն է»։
Ինչո՞ւ գալ հենց «Դը Գուրուս». թիմի ֆենոմենը
«Ինչո՞ւ հենց «Դը Գուրուս». որովհետև այստեղ կարելի է կառուցել հաջող կարիերա. համոզված են ընկերությունում։
«Մենք ընտրում ենք ոչ միայն խելացի մարդկանց, այլև մարդկանց, որոնք նպատակասլաց են, ունեն ցանկություն՝ իրենց կյանքում ինչ-որ բան փոխելու։ Մենք տալի՛ս ենք և ստանո՛ւմ ենք մոտիվացիա։ Մեր գրասենյակում չկա տնօրենի կամ փոխտնօրենի սենյակ, կազմակերպությունը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա։ Մենք սպասում ենք այն մարդկանց, որոնք նպատակասլաց են և ունեն ընտրության ընդամենը երկու տարբերակ՝ կա՛մ անում են, կա՛մ չեն անում»,- ասում է Վահեն։
Դարձրո՛ւ 2022-ը փոփոխությունների տարի
Ընկերության այս տարվա կարգախոսն է՝ «Դարձրո´ւ 2022 թվականը փոփոխությունների տարի»։ Փոփոխությունների տարին ուսանողների համար կարող է լինել կարիերայի սկիզբ, կազմակերպության համար այդ փոփոխությունը կարտահայտվի նպատակի իրագործմամբ՝ հատել 100 աշխատակցի շեմը։ «Մեր երիտասարդությունը պետք է պատրաստ լինի երկարաժամկետ ներդրում կատարելու սեփական առաջընթացի կերտման ճանապարհին», - կարծում է Վահեն։ Իսկ դրա համար, երիտասարդ ղեկավարի համոզմամբ, նրանք պետք է համբերությամբ զինվեն և քայլ առ քայլ հասնեն իրենց նպատակին։