«Էրազմուս+»-ի շրջանակում ՀՊՏՀ-ականների այցը Պուլայի համալսարան

07.02.2022
Դիտումների քանակ՝ 1267

2022 թվականի հունվարի 24-28-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Պուլայի Յուրա Դոբրիլայի  համալսարան (Խորվաթիա) են այցելել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցներ Շուշան Մովսիսյանը, Ռուզաննա Թադևոսյանը, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի աշխատակից Լիլիթ Ազարյանը և կառավարման ամբիոնի դասախոս Աննա Հարությունյանը: Փորձի փոխանակման նպատակով աշխատակիցները ծանոթացել են համալսարանի տարբեր ստորաբաժանումների, առավելապես՝ հետազոտական կենտրոնի աշխատանքներին, գործելակերպին, առանձնահատկություններին: ՀՊՏՀ-ականներն այցելել են Համագործակցության և ծրագրերի գրասենյակ ու Գիտության և հետազոտությունների գրասենյակ, որտեղ գիտությունների դոկտոր, դոցենտ Ռոզանա Վեսելիցան ներկայացրել է Պուլայի համալսարանի հետազոտական գործունեությունը։

Մեր համալսարանի պատվիրակներն իրենց հերթին ներկայացրել են ՀՊՏՀ հետազոտական գործունեության հիմնական ուղղությունները, «Ամբերդ» կենտրոնի միջազգային նախագծերը: Կողմերը քննարկել են միջազգայնացման, մասնավորապես՝ համատեղ հետբուհական կրթական ծրագիր իրականացնելու և հետազոտությունների ոլորտում համագործակցության հնարավորությունները, անդրադարձ է կատարվել նաև համալսարանի ազդեցության գործակից ունեցող և Web of Science, Scopus շտեմարաններում ընդգրկված ամսագրում հոդված տպագրելու ընթացակարգին: Կառավարման ամբիոնի դասախոս Աննա Հարությունյանը տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների համար դասախոսել է «Բիզնես սկսելու նախադրյալները, բիզնես-մոդել Canvas» (“Initials of starting a business, business model Canvas”) թեմայով:

Այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել նաև Օսիյեկի համալսարանի անձնակազմի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Մեր գործընկերների հավաստմամբ՝ Պուլայի և Օսիյեկի համալսարանների դասախոսներն ու աշխատակիցները շատ հետաքրքրված են Հայաստանով, Տնտեսագիտական համալսարանով և առաջիկայում այցեր են նախատեսում։