Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 49-րդ համարը

14.01.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1552

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի նույնանուն մատենաշարի հերթական համարն արդեն հասանելի է առցանց հարթակում։

«Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցության հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում» թեմայով հետազոտությունը հեղինակել են Վարդան Աթոյանը (հետազոտական խմբի ղեկավար), Մերի Հովսեփյանը, Տաթևիկ Առուստամյանը և Նարինե Պետրոսյանը (հետազոտական խմբի անդամներ)։

Հետազոտությունը նվիրված է Հայաստանի և Չինաստանի տնտեսական համագործակցության հիմնախնդիրներին, ինչպես նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի նշանակությանը Հայաստանի և Հարավային Կովկասի երկրների համար:

Հեղինակային խմբի անդամները քննարկել են ԵԱՏՄ-Չինաստան տնտեսական համագործակցության շարժընթացը, վերլուծել հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունները՝ ներդրումների, արտահանման, ներմուծման, զբոսաշրջության, մարդասիրական օգնության և այլ տեսանկյուններից, ինչպես նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության նախադրյալներն ու առկա խնդիրները:

Ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են Հայաստանի՝ նախագծին մասնակցության հիմնական ռիսկերը, խոչընդոտներն ու հնարավորությունները, մշակվել առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել ոլորտի քաղաքականություն մշակողների և որոշում ընդունողների համար:

Հետազոտությունը հրատարակության է երաշխավորել ՀՊՏՀ գիտական խորհուրդը։

Մատենաշարը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։ Այն կարող եք ընթերցել հետևյալ հղումով։