ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանն առաջին անգամ Տնտեսագիտականում է. նրա խոսքով՝ ՀՊՏՀ-ում շատ են տաղանդավոր ուսանողները

15.12.2021
Դիտումների քանակ՝ 1363

Դեսպան Ֆուկուշիմային և դեսպանության երկրորդ քարտուղար Րիկա Օնոդերային ընդունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, այնուհետև դեսպանը ծանոթություն-հանդիպում ունեցավ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Ողջունելով պատվարժան հյուրին՝ Դիանա Գալոյանը մեծապես կարևորեց հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հեռանկարը։

«Հուսով եմ՝ դեսպանի այցը լայն հնարավորություններ կբացի ՀՊՏՀ-ի համար՝ ճապոնական բուհերի հետ համագործակցություն սկսելու և խթանելու առումով։ Մենք հիանում ենք կրթության ոլորտում Ճապոնիայի օրինակով, հարուստ մշակույթով, տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացմամբ։ Համոզված եմ՝ այս այցը, որ առաջինն է, բայց վստահաբար՝ ոչ վերջինը, կայուն հիմքեր կստեղծի երկարաժամկետ համագործակցության համար»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն ասաց, որ ամեն ինչ կանի հայ-ճապոնական տնտեսական կապերը խորացնելու, ՀՊՏՀ-ի և Ճապոնիայի բուհերի միջև համագործակցության ձևավորման և ամրապնդման ուղղությամբ։ Դեսպանը վստահ է՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կստեղծեն հետագայում ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի, փոխադարձ այցերի համար։

Մասանորի Ֆուկուշիմայի խոսքով՝ ՀՊՏՀ ուսանողները տաղանդավոր են, իսկ ճապոներենի ամենամյա մրցույթում այս տարի առաջին տեղը գրաված ՀՊՏՀ ուսանող Դավիթ Մելքումյանի հետ դեսպանն անձամբ է ծանոթացել՝ երիտասարդին քաջալերելով ավելի հմտանալ ճապոներենի իմացության մեջ։ Ինքը՝ Մասանորի Ֆուկուշիման, արդեն որոշ հայերեն բառեր ու արտահայտություններ գիտի։ Այս մասին նա տեղեկացրեց, ապա բարեկամական հարաբերությունների մեկնարկին հաջող ընթացք մաղթեց հայերենով։

Այնուհետև ներկաներն ակնդրեցին և ունկնդրեցին «Ճապոնագիտություն» առարկայի բաց դաս-շնորհանդեսը՝ հայ-ճապոնական տնտեսական, կրթական ու մշակութային աղերսների վերաբերյալ։

Թեև սերտ շփումը ճապոնացի դիվանագետի հետ միայն սկզբնավորման փուլում է, բայց ճապոնական մշակույթին ու երկրի առանձնահատկություններին ՀՊՏՀ ուսանողներն սկսել են ծանոթանալ դեռ նախորդ տարվանից, երբ ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում ներդրվեց «Ճապոնագիտություն» առարկան, և այն վստահվեց ֆինանսների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, ճապոնագետ Աննա Վարդանյանին: Նոր ու հետաքրքիր ուսումնական մեթոդներով նա օգնում է ուսանողներին ուսումնասիրել հայ-ճապոնական առնչությունները, հատկապես՝ զարգացած երկրներից մեկի փորձը տնտեսության տարբեր ճյուղերում։

Աննա Վարդանյանը, ով մոտ 20 տարի զբաղվում է ճապոնագիտությամբ, Հայաստան-Ճապոնիա հարաբերությունների պատմամշակութային մի քանի առնչությունների բացահայտման հեղինակ է, ՀՊՏՀ-ից առաջին ուսանողն է եղել, ով ներբուհական ծրագրով 2000 թ․ մեկնել է Ճապոնիա՝ ուսումնառության երկու տարի անցկացնելով այնտեղ։ Նրա փոխանցմամբ՝ հաջորդ տարի լրանում է Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի շրջանակներում կկազմակերպվեն տարատեսակ գիտամշակութային միջոցառումներ, որոնց կմասնակցի նաև Տնտեսագիտական բուհը։